կարևոր
1387 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-08 09:29

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակչում կհանդիպեն Իսպանիան և Ֆրանսիան

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակչում կհանդիպեն Իսպանիան և Ֆրանսիան

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի եզրափակչում՝ հոկտեմբերի 10-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կհանդիպեն Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։

Մրցաշարի երկրորդ կիսաեզրափակչում հինգշաբթի երեկոյան Թուրինի «Յուվենտուս» մարզադաշտում Ֆրանսիայի ընտրանին 3։2 հաշվով առավելության հասավ Բելգիայի թիմի նկատմամբ։ Ընդ որում, առաջին խաղակեսից հետո բելգիացիները հաղթում էին 2։0 հաշվով՝ մեկական գոլի հեղինակ դարձան Յանիկ Կարասկոն և Ռոմելու Լուկակուն, սակայն երկրորդ խաղակեսում նախ Քարիմ Բենզեման կրճատեց հաշվի տարբերությունը, ապա Քիլյան Մբապեն վերականգնեց հավասարակշռությունը, իսկ խաղավերջին՝ 90-րդ րոպեին Թեո Հերնանդեսի խփած գոլը հաղթանակ բերեց աշխարհի չեմպիոններին։

Նախօրեին Իսպանիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթել էր Եվրոպայի չեմպիոն Իտալիայի ընտրանուն։

Կիրակի օրը եզրափակչից առաջ Թուրինում կայանալիք խաղում Բելգիայի և Իտալիայի հավաքականները կպայքարեն մրցաշարի երրորդ տեղի համար։