կարևոր
364 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-07 22:47

Պատերազմի 11-րդ օրը Արցախը կրկին հրթիռակոծվում էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմի 11-րդ օրը Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրեց ադրբեջանական բանակի կենսական կարեւորության նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացման ոգեւորող տեսանյութը: Իսկ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ադրբեջանին ծաղրող գրառումը կատարեց.
«Նավթամթերքի բազայի կողքին զորանոց են պահում սրանք: Զորանոցում ունեն մոտ 200 զոհ: Ոչ մի գրամ սրանց համար իրենց զորքը արժեք չունի: Պատերազմի 11-րդ օրն է»: Իսկ մեր զոհերի մասին ոչինչ չէր խոսվում, միայն ամեն օր լուռ հրապարակվում էին նոր անուններ, որնց թիվը գնալով մեծանում էր:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի մեկնարկից հետո ինքն ու Ռուսաստանի նախագահն առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել հոկտեմբերի 7-ին: Այդ ժամանակ պատերազմի մեկնարկից արդեն տասը օր անցել էր, եւ  քննարկել են հարցեր, թե ի՞նչ է պետք անել, որ պատերազմը դադարեցվի: Ալիեւը նշել է, որ հայկական կողմը մերժել է առաջարկները դրանով կատարելով ճակատագրական ու ողբերգական սխալ: Իսկ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ պատերազմից ուղիղ մեկ տարի հետո Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց, որ առաջարկն ընդունվել է:

Պատերազմի 11-րդ օրը Արցախի մայրաքաղաքը կրկին հրթիռակոծվում էր: Հրթիռակոծվում էր նաեւ բերդաքաղաք Շուշին: Հուսադրող եւ հաղթական պաշտոնական տեղեկություններից հետո տեսնում ենք Հադրութի իրական պատկերը եւ բնակավայրը չլքող մարդկանց:
Արծրուն Հովհաննիսյանը կրկին հանդես է գալիս ասուլիսով, նշում, որ հաղթելու ենք եւ մեր զորքերը միայն պաշտպանական մարտեր չեն մղում, դիմում են այլ զորաշարժերի, որոնց արդյունքները միանգամից չեն հրապարակելու, այլ ավարտից հետո:

Երբ երկրում ամեն ինչ կարգին էր եւ համացանցում մեկը մյուսի հետեւից հայտնվում էին ոգեւորող եւ հուսադրող տեսանյութեր, արտերկրում մեր հայրենակիցները փորձում էին պայքարել Ադրբեջանի ագրեսիայի դեմ:

Հազարավոր հայեր փակել էին Բրյուսելի կենտրոնական փողոցները: Ցուցարարների ձեռքին կային բազմաթիվ պաստառներ, որոնցով կոչ էին անում եւ պահանջում դադարեցնել ագրեսիան Արցախի ու Հայաստանի նկատմամբ: Սակայն  Եվրամիության շենքի դիմաց հավաք կազմակերպած հարյուրավոր հայերին ոստիկանությունը  ջրցան մեքենայով փորձեց լռեցնել: Երկրում ամեն ինչ կարգին էր, իսկ աշխարհը լռում էր: