Իտալիայում Հայաստանի նախագահի պետական այցի երկրորդ օրվա առաջին կանգառը Պալացցո Կիջի պալատում է: Այստեղ՝ հենց մուտքի մոտ է Արմեն Սարգսյանին սպասում, ապա ներս հրավիրում վարչապետ Մարիո Դրագին:
Հետո, ինչպես արարողակարգն է պահանջում, հնչում են Հայաստանի ու Իտալիայի պետական օրհներգերը:
Դիմավորման արարողությունից հետո, Սարգսյանն ու Դրագին քննարկում են երկկողմ հարաբերությունները, անդրադառնում նաեւ 44-օրյա պատերազմի հետեւանքով Հայաստանում եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:
Նախագահ Սարգսյանը նշել է՝ Հայաստանը կարեւորում է Իտալիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի Հանրապետության հարցում, ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում խնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը: Արմեն Սարգսյանը Իտալիայի վարչապետին ասել է նաեւ, որ Հայաստանը հետաքրքրված է նոր որակ հաղորդել հայ-իտալական համագործակցությանը: Մարիո Դրագին էլ առաջարկել է Իտալիայում հայկական օրեր կազմակերպել՝ հայկական արտադրանքն ու տնտեսական հնարավորությունները ներկայացնելու եւ գործարար շփումները խթանելու համար:
Իտալիայի վարչապետի նստավայրից Արմեն Սարգսյանը ուղեւորվում է նախագահական պալատ: Վերադարձել է Քուիրինալե պալատ Սերջո Մատարելլայի հետ արդեն հրաժեշտի հանդիպման համար: Իտալիայի նախագահը անակնկալ ուներ: Նախօրեի հանդիպման լուսանկարները հավաքել էր մեկ տեղում: Ալբոմի էջերը թերթելուց հետո նախագահները նորից զրույց են ունեցել, եւս մեկ անգամ ընդգծել հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը, նշել, որ երկու երկիրն էլ ունեն ընդհանուր շատ հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ եւ երկկողմ բարեկամությունը շարունակ ամրապնդելու մեծ ցանկություն:
Եվ նորից հնչում են 2 երկրի օրհներգերը: Նախագահները հրաժեշտ են տալիս՝ նորից հանդիպելու ակնկալիքով:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։