կարևոր
505 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-07 17:10

2022 թվականի պետական բյուջեի նախագիծը հակասոցիալական է. Թադեւոս Ավետիսյան

2022 թվականի պետական բյուջեի նախագիծը հակասոցիալական է. Թադեւոս Ավետիսյան

Սոցիալապես խոցելի խմբերի քաղաքացիների (աղքատ ընտանիքներ, աշխատող աղքատներ և այլն) իրական եկամուտների նվազման ֆոնին շարունակում է աճել աղքատության մակարդակը՝ 2019 թվականին աղքատության մակարդակը աճել է 3 տոկոսային կետով և դարձել է 26,3 տոկոս։ Իսկ Համաշխարհային բանկի նախնական գնահատմամբ 2020 թվականին այն ևս աճել է 7 տոկոսային կետով։ Այս մասին իր հոդվածում նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

«2020 թվականի հունվարի 1-ից հետո անապահովության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի չափերը չեն ավելացել։ 2021 թվականի հունվար-օգոստոսին միջին աշխատավարձն աճել է 6 տոկոսով, իսկ միջին գները 6,4 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Աղքատություն ծնող հիմնական գործոնները շարունակում են պահպանվել նաև 2021 թվականին՝ իրենց իրական հետևանքներով։

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարկած վերջին ցուցանիշներով ևս արձանագրվում են գների առաջանցիկ աճի տեմպերը։ Այլ կերպ ասած՝ նախորդ տարվա համեմատ 2021 թվականին յուրաքանչյուր հաջորդ ամիս գրանցվող գնաճն ավելի բարձր է, քան նախորդ ամսում գրանցվածը։

Օրինակ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2021 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների (ՍԳԻ) միջին աճը կազմել է 6,7 տոկոսով, իսկ 2021 թվականի հունվար-օգոստոսին՝ 6,4 տոկոս, իսկ սննդամթերքի գները՝ համապատասխանաբար 10 տոկոս և 9,3 տոկոս։

2020 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 2021 թվականի սեպտեմբերին սննդամթերքի միջին գներն աճել են 15,4 տոկոսով։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը թանկացել է առավել բարձր տեմպով։ Օրինակ՝ բանջարեղենի գնաճը կազմել է 64,5 տոկոս, արևածաղկի բուսական յուղ՝ 55,1 տոկոս, ձու՝ 27,4 տոկոս, յուղերի և ճարպերի ապրանքախումբ՝ 27,1 տոկոս, խոզի միս՝ 40,2 տոկոս և այլ։

Շարունակական գնաճի հետևանքով ավելանում է նաև մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը։ 2021 թվականի 2-րդ եռամսյակում վերջինս կազմել է 70044 դրամ և արդեն իսկ գերազանցում է նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափը (68000 դրամ)։

2022 թվականի պետական բյուջեի նախագծում ևս անհրաժեշտ նվազագույն չափով հաշվի առնված չեն նաև գնաճի սոցիալական ծանր հետևանքները։

Նախագծով նախատեսվում է պետական բյուջեի ընդհանուր եկամուտների աճ՝ 29 տոկոսով, ծախսերի աճ՝ 18,2 տոկոսով։ Միևնույն ժամանակ, նախատեսված չէ անապահովության նպաստների չափերի բարձրացում, իսկ կենսաթոշակի որոշ տեսակների չափերն ավելանալու են միջինը 7-8 տոկոսով։ Եվ սա այն դեպքում, երբ ըստ այդ նախագծի՝ կառավարությունը միայն 2021 թվականին կանխատեսում է 7 տոկոսով սպառողական ապրանքների գների աճ, իսկ 2022 թվականին՝ մինչև 5,5 տոկոս։ Կրկնակի ավել չափով են աճում սննդամթերքի գները՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ 2021 թվականի սեպտեմբերին արձանագրվել է սննդամթերքի 15,4 տոկոս գնաճ։

Փաստորեն, ստացվում է, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը հակասոցիալական է՝

որոշ տեսակի կենսաթոշակների չափերի նախատեսվող բարձրացումները էական և համարժեք չեն գոնե արձանագրված և կանխատեսվող գնաճին,

այս բարձրացումները համարժեք չեն նաև առկա օբյեկտիվ հնարավորություններին՝ բյուջեի ընդհանուր եկամուտների և ծախսերի նախատեսվող ավելացմանը,

նույնիսկ այս բարձրացումների պարագայում մեծանում է խզումը անապահով ընտանիքների, աշխատող աղքատների, կենսաթոշակառուների եկամուտների և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի միջև, այսինքն՝ այս քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ կապրեն, քան այս տարի,

իսկ կառավարության վերջերս ընդունված ծրագրում խոստանում էին կենսաթոշակի միջին չափը հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։

Այս առումով կարծում եմ պետք է հիշեցնել․

օրինակ՝ 2004 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակի միջին չափը նախորդ տարվա համեմատ բարձրացվել է 32,3 տոկոսով, իսկ նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացել է 1,6 անգամ:

Որպես ամփոփում․

Հակասոցիալական ընթացքն ունի պարզ բանաձև․ բնակչության անվանական եկամուտները (անապահովության նպաստներ, կենսաթոշակներ, նվազագույն և միջին աշխատավարձներ և այլն) չեն ավելանում կամ աճում են անհամեմատ ավելի դանդաղ, քան գները և հատկապես՝ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գները։

Հետևանքը՝ բնակչության իրական եկամուտների շարունակական անկումն է, որն աղքատություն ծնող առաջնային և ուղղակի գործոն է։ Սա առավելապես վերաբերում է սոցիալապես անապահով ընտանիքներին, աշխատող աղքատներին և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ ունեցող այլ քաղաքացիներին»։