Ես այստեղ էի եկել միայն նրա համար, որովհետեւ ոստիկանությունը զգուշացրել էր, որ բարձրախոս օգտագործելու համար բերման են ենթարկելու ակցիայի մասնակիցներին: Այս մասին կառավարության շենքի դիմաց ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:
«Ինքներդ գիտեք, որ նման կարգավորում չկա: Եկել էի հույս ունենալով, որ այստեղ մարդկանց ներկայությունը կստիպի ոստիկանությանը զերծ մնալ անօրինական գործողություններ իրականացնելուց: Արդեն մի քանի հոգու բերման են ենթարկել: Մեկին բարձրախոս ունենալու համար, մյուսին հենց այնպես լրագրողներին հարցազրույց տալու համար: Հիմա իմ ձեռքին բարձրախոս չկա, բայց եթե Հայաստանում մարդկանց բերման են ենթարկում բարձրախոսով խոսելու համար, ոստիկանությունը պետք է համարի, որ ես հիմա այդպես եմ խոսում: Եթե իմ ընկերներին բերման են ենթարկում հողատու եւ դավաճան ասելու համար, ես կրկնում եմ այդ բառերը:
Եթե մարդուն բերման եք ենթարկում հարցազրույց տալու համար, ես հիմա հարցազրույց եմ տալիս: Ո՞նց եք որոշում՝ ում եք բերման ենթարկում: Ինչո՞ւ ինձ բերման չեք ենթարկում: Ձեզ զանգում են, ասում են՝ էս մարդուն բերման ենթարկե՞ք:
Ինչի՞ց էինք մենք ուզում ազատվել, երբ համատարած փողոցներ էինք փակում: Եվ կարողացա՞նք ազատվել, թե՞ ավելի վատ վիճակում հայտնվեցինք: Դուք երբեւէ տեսե՞լ եք, որ մարդում ռուպռով խոսելու համար բերման ենթարկեն»,-ասաց նա:
Նա նշեց, որ Հայաստանում կա վարվող քաղաքականության դիմադրություն եւ այդ դիմադրության սերմերը պետք է փայփայել, մեծացնել եւ ցույց տալ, որ այս քաղաքականությունը Հայաստանում չի հաջողելու:
Նշենք, որ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին: