ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև:
«Մենք կառավարության գլխավոր մասնաշենքի առջև ենք` հերթական անգամ ի ցույց դնելու ՀՀ վարչապետի խոսքի, գործի և իրականության անհամապատասխանությունը»,-նշել են ակցիայի մասնակիցները:
Նրանց ձեռքին կան պաստառներ, որոնց վրա գրված են . «30 տարին ավերվեց գրչովդ». «Ուշքի արի, Շուշին դժգույն եւ դժբախտ չէր», «Նիկոլ. ազգային անվտանգության թիվ մեկ թշնամի» եւ այլն:
Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով նշեց, որ իրենց բողոքն ուղղված է Նիկոլ Փաշինյանի կողմից Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությանը, թե վերջին 30 տարում Շուշիում ոչինչ չի կառուցվել:
Այդ ընթացքում բարձրախոսով տղային մոտեցան ոստիկանության աշխատակիցները եւ բերման ենթարկեցին նրան՝ ասելով, որ խաթարում է հասարակական կարգը:
Հատկանշական է, որ կարմիրբերետավորները հենց լրագրողներին հարցազրույց տալու պահին բերման ենթարկեցին ՀՅԴ-ական երիտասարդին՝ թույլ չտալով ավարտել խոսքը: