12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց:
Նրանք պարտադիր թեստավորման խնդրի լուծման հետ կապված առաջարկներ են բերել կառավարություն։ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանի խոսքով՝ կառավարությունը համաձայնել է ընդունել իրենց և լսել առաջարկը:
«Անցած շաբաթ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն պահանջ էր ներկայացրել կապված պարտադիր թեստավորման հետ, մենք պնդում էինք, որ թեստավորման գումարը պետք է փոխհատուցի պետությունը։ Մեկ շաբաթ արձագանք չստանալով՝ որոշեցինք կրկին գալ այստեղ։ Մենք հստակ առաջարկ ունենք, որը խրախուսելու է թե՛ գործատուին, թե՛ աշխատողին, թե՛ պետությանը, և այս հարցն ամբողջովին կլուծվի։ Առաջարկով եկել ենք, մեզ կառավարությունից ասացին, որ պատրաստ են ընդունել, հիմա կմտնենք կառավարություն, մեր առաջարկը կանենք, հետո հանրությանը կներակայցնենք՝ ընդունվեց մեր առաջարկը, թե ոչ»,-ասաց Կարապետյանը։
«Գործատուն պիտի վճարի աշխատողին 14 օրը մեկ ՊՇՌ թեստի գումարը։ Պետությունը գործատուին փոխանցում է եկամտահարկի տեսքով։ Ստացվում է, որ գործատուն չի խուսափի աշխատողներին գրանցելուց, պետությունը շահում է այդ պարագայում, որովհետեւ չգրանցված աշխատողներ չեն լինում, ստվերը գալիս է գրանցման դաշտ, իսկ աշխատողն էլ շահում է, որ իր գրպանից ամսական երկու անգամ չի վճարում թեստավորման վճարը»,-ասաց Սարգիս Կարապետյանը։
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամներին կառավարությունում ասել են, որ երբ առաջարկի փաթեթը ներկայացնեն՝ մեկ ամիս ժամկետում պետք է քննվի։ Բայց նրանց հուսադրել է այն հանգամանքը, որ առաջարկը հավանության է արժանացել վարչապետի վերլուծաբանների կողմից և նրանք խոստացել են առաջարկը շատ արագ փոխանցել տարբեր նախարարություններ՝ կարծիքի համար։
«Հիմա եթե առաջարկը պետության կողմից ընդունվի՝ կնշանակի, որ պետությունն իր քայլերի մեջ անկեղծ է՝ անկեղծորեն ուզում է համավարակը վերացնել, աշխատողի առողջական խնդիրները լուծել, գործատուին էլ չնեղացնի՝ փոխհատուցի։ Եթե չի ընդունվում առաջարկը, մի տեսակ ստացվում է, որ ամեն ինչը կեղծ է»,-ասաց Սարգիս Կարապետյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ևս ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն ակցիա էր իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում էին հանդիպում առողջապահության նախարարի հետ աշխատավորների մտահոգող հարցերին պատասխան ստանալու համար: