կարևոր
523 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-07 10:40

ԱԱԾ-ն որոշել է կասեցնել Քաջարան համայնքի ղեկավարի լիազորությունները եւ դիմել դատարան. Փարամազյանի պաշտպաններ

ԱԱԾ-ն որոշել է կասեցնել Քաջարան համայնքի ղեկավարի լիազորությունները եւ դիմել դատարան. Փարամազյանի պաշտպաններ

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր` քրեական դատավարության օրենսգրքի քողի տակ անգամ ձևականորեն չտեղավորվող երանգներ։ Այս մասին հայտարարություն են տարածել Մանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և  Երվանդ Վարոսյանը:

«Հոկտեմբերի 5-ին, երեկոյան տեղեկացանք, որ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտը, գլխավոր դատախազության ցուցումով որոշում է կայացրել կասեցնել Քաջարան համայնքի ղեկավարի լիազորություններն ու այդ որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդություն ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

Որպես այս որոշման հիմնավորում ներկայացված է լիազորությունների կասեցման համար օրենքով սահմանված այն հիմքը, թե մեղադրյալը հնարավոր է պաշտոնն օգտագործելով խոչընդոտի գործի քննությանը` մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով։ Այսինքն ստացվում է, որ կալանքի տակ գտնվող անձը, ում տեսակցություններն ու հեռախոսազանգերը արգելված են, կարող է պաշտոնն օգտագործելով խոչընդոտել քննությանը։ Ու սա այն պարագայում, երբ արդեն բազմիցս օրինական ուժի մեջ մտած բազմաթիվ դատական ակտերով դատարանները փաստել են, որ լիազորությունների կասեցումը չի կարող դիտարկվել իրավաչափ հարկադրանքի միջոց, երբ անձի նկատմամբ արդեն իսկ նույն հիմքերի օգտագործմամբ կիրառված է խափանման միջոց։

Ավելին` միայն այն հանգամանքը, որ Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու անհրաժեշտության մասին մեղադրանքի կողմը «հիշել» է վերջինիս կալանավորելուց 3 ամիս անց, նախաքննության ավարտի մասին հայտնելուց հետո, արդեն իսկ բավարար է հասկանալու համար, որ գործ ունենք օրինական դաշտից դուրս գործընթացի հետ։

Իսկ երեկ դատարանում հարցի քննարկման ընթացքում, միջնորդություն ներկայացնող քննիչը կայացված որոշման անհրաժեշտությունը պայմանավորեց ոչ թե Մանվել Փարամազյանի ենթադրյալ վարքագծով կամ նպատակներով, այլ այն հանգամանքով, թե հնարավոր է հարցաքննվելիք անձինք իրենք-իրենց հոգեբանորեն ճնշվեն այն հանգամանքից, որ Մանվել Փարամազյանը համայնքի ղեկավարն է։ Իրավունքի ու օրենքի հետ աղերս չունեցող այս դիտարկումներն արդեն առհասարակ անհնար է մեկնաբանել։

Այս ֆոնին, սակայն, տեղի ունեցող գործընթացի իրական, այսինքն քաղաքական նպատակներն ի հայտ եկան բոլորովին անսպասելի աղբյուրից։ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը, ի ուրախություն մեզ, որոշեց բացահայտել իրականությունը։ Մասնավորապես լրատվական գործակալություններից մեկին, Քաջարան համայնքի ղեկավարի, ինչպես նաև տեղակալի կալանավորման հետևանքով ստեղծված կաթվածահար վիճակը մեկնաբանելով, նա հայտարարեց հետևյալը. «Հարցը չի գտնվում մեր գերատեսչության լիազորությունների շրջանակներում, այլ թերևս իրավապահ մարմինների տիրույթում է հարցը։ Վարույթն իրականացնող մարմինը պետք է դիմի, որպիսի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվեն, որպիսի հնարավորություն լինի նշանակել պաշտոնակատար»։

Խորին շնորհակալություն հայտնելով Սոնա Հարությունյանին, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ փաստորեն նախարարի մամուլի խոսնակը տիրապետում է նախաքննության ընթացքի մանրամասներին, փաստենք, որ քննությանը խոչընդոտելու վտանգի մասին մտացածին ենթադրությունները, փաստորեն, պարզապես գործընթացին օրինականության տեսք տալու փորձեր են, իսկ իրական նպատակը բացահայտ քաղաքական է, և այդ նպատակը գործադիր իշխանության կողմից ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆ Է, ինչն անշուշտ օրենքի տիրույթում չի կարող իրականացվել անգամ դատարան ներկայացված միջնորդության բավարարման դեպքում, բայց այդ հարցին կանդրադառնանք հետագայում։ Այսինքն համայնքի ղեկավարն ու տեղակալը կալանավորվել են, համայնքը հայտնվել է կաթվածահար վիճակում, հարյուրավոր մարդիկ չեն ստանում աշխատավարձ, մանկապարտեզները չեն կարողանում սնունդ ձեռք բերել, համայնքապետարանը չի կարողանում իրականացնել որևէ ֆինանսական գործարք միայն մեկ պատճառով` ինչ-որ մեկը որոշել է Քաջարան համայնքի ղեկավարի պաշտոնին նշանակել «իր սրտի» պաշտոնակատարին։

Դատարանի կողմից կայացվելիք որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 12.00-ին»։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Գագիկ Պողոսյան), Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել էր 2 ամսով:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով: