կարևոր
391 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-06 23:19

«Հայաստան» խմբակցությունը 7 դիմում է ներկայացրել ՍԴ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Հայաստան» խմբակցությունը գրոհում է Սահմանադրական Դատարան: Այս երկու ամսվա ընթացքում թվով 7 դիմում է ներկայացրել: Պարգեւավճարներ, ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակ, Առողջապահության նախարարի հրաման, Ազգային ժողովում աշխատանքների կազմակերպում. դիմումները տարբեր ոլորտներին են վերաբերում:

Արամ Վարդեւանյանը նշում է՝ վիճարկվելու է պարգեւատրման ընդհանուր համակարգը, սակայն, այն մասով, որը վերաբերում է քաղաքական պաշտոնյաների՝ այսինքն հանրապետության նախագահ, վարչապետ, նախարարներ, նրանց տեղակալներ, պատգամավորներ:

Վարդեւանյանը օրինակ է բերում իրենց խմբակցության 3 պատգամավորի, որոնք այս պահին կալանավորված են, ինչի պատճառով խոչընդոտվում է իրենց աշխատանքը խորհրդարանում:

Խմբակցությունը Բարձր Դատարան է դիմելու նաեւ այս օրերին քաղաքացիներին առավելապես հուզող առողջապահության նախարարի հրամանը կասեցնելու համար: Համաձայն որի հանրային աշխատողները կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն թեստի բացասական պատասխան: Պատգամավորը շեշտում է՝ թեեւ իրենք դեմ չեն պատվաստումներին, բայց այն պետք է լինի յուրաքանչյուր անձի գիտակցված որոշում:

ՍԴ-ն 30-օրյա ժամկետ ունի որոշելու վարույթ ընդունել-չընդունելու հարցը:

«Համոզմունք ունեմ, որ այդ որոշումը կլինի մինչեւ հոկտեմբերի 15-ը»,-ասում է Արամ Վարդեւանյանը:

Հաջորդը, ըստ պատգամավորի, ԲԴԽ-ում խորհրդի ոչ դատավոր անդամի պաշտոնավարման տարիքային ցենզի խնդիրն է, այլ կերպ ասած Գագիկ Ջհանգիրյանը կարո՞ղ էր լինել ԲԴԽ անդամ` լինելով 65 տարեկանից ավելի բարձր:

Պատրաստվում են դիմում ներկայացնեն նաեւ համայնքների խոշորացման մասին օրենքի վերաբերյալ: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այս օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է:

Մանրամասնում է՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։