Եթե ընդունող երկրի գլխավոր շինության վրա բարձրանում է հրավիրյալ կողմի դրոշը, նշանակում է` այցը պետական է: Սրանով առնվազն կարելի է տարբերել պետական այցը պաշտոնականից, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայում է պետական այցով: Նախկինում Հայաստանից նման այց Իտալիա չի եղել:
Պետական այցի ընթացքում արարողակարգային միջոցառումներին տրվում է առավել ընդգծված հանդիսավորություն: Զինվորական նվագախումբը կատարում է երկու երկրների օրհներգերը: Նախագահները շրջում են պատվոպահակախբի շարքերով, ողջունում պատվիրակության անդամներին: Հետո արդեն օրակարգին բնորոշ առանձնազրույցն է:
Մասնագիտությամբ իրավաբան Սերջիո Մատարելլան Իտալիայի 12-րդ նախագահն է: Միակը 12-ից, որն ի պաշտոնե եղել է Հայաստանում: 2018-ի հուլիսին նախագահ Մատարելլան դստեր հետ Հայաստանում էր Արմեն Սարգսյանի հրավերով: Իտալացի գործընկերոջ պետական այցը Հայաստանի նախագահը պատմական էր որակել ու նրան պարգեւատրել Փառքի շքանշանով՝ հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:
Երկու նախագահների հաջորդ հանդիպումը մեկ տարի անց էր` 2019-ի սեպտեմբերին, արդեն Իտալիայում: Արմեն Սարգսյանն այստեղ էր աշխատանքային այցով, որի ընթացքում էլ գործընկերոջից պետական այցի հրավեր էր ստացել: Այն կայացավ երկու տարի անց:
Արցախյան հիմնախնդրի կարգավորմանն են անդրադարձել Սարգսյանն ու Մատարելլան` ի սկզբանե ընդգծելով միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների պահպանման կարեւորությունը:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։