Այսօր, հոկտեմբերի 6-ին Պռոշյանի «Զորաց» պանթեոնում տեղի է ունեցել Վարանկաթաղի զոհերի տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Խորհրդանշական այս օրը երդում է տվել ՀՅԴ շարքերը համալրող շուրջ 35 նորագիր:
131 ամյա պատմություն ունեցող Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության երդման տեքստում կան խոսքեր. «իսկ եթե հարկ լինի, նաեւ կյանքիս գնով ծառայել Հայաստանի ու Հայության դատին:
- Սրանք սովորական խոսքեր չեն,- ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը իր խոսքն ուղղեց նորագիրներին,- ՀՅԴ անդամության երդումը զինվորի երդում է, ու այն մարդիկ, որոնք որոշում են արտասանել այդ խոսքերը, պետք է լավ մտածեն եւ հրաժարվեն մինչեւ երդվելը:
Երդման արարողությունը կազմակերպված էր Պռոշյան գյուղի «Զորաց Պանթեոնում»: Այստեղ արցախյան առաջին պատերազմի հերոսներ Պետոյի ու Կարոտի շիրիմներն են, նրանց կողքին 2020-ին ամփոփվել են Վարանգաթաղում հոկտեմբերի 6-ին զոհված 24 հերոսից 17-ի մարմիը:
Հենց այս պանթեոն է տեղափոխվել Սրխավենդում Պետրոս Ղեւոնդյանի զոհվելու վայրում դրված հուշակոթողը: Այն հասցրել էին Սրխավենդից բերել ՀՅԴ վաշտերից մեկի անդամները: 50 օր Արցախի հյուսիսային հատվածի անվտանգությունն ապահովելուց հետո,երբ սրտի կսկիծով տեղեկացել էին, որ Քարվաճառը եւս հանձնվում է առանց կրակոցի ու հասկացել էին, որ Պետրոս Ղեւոնդյանի հուշաքարն անհրաժեշտ է դուրս բերել:
Այսօր դժվար է դաշակցական լինելը, զգուշացրեց նոր անդամներին Կիրո Մանոյանը: Նա հիշեցրեց, որ պայքարը ոչ միայն միայն արտաքին թշնամու դեմ է, այլեւ՝ ապազգային իշխանությունների: Մանոյանը հիշեցրեց, որ եղել են նաեւ ժամանակներ, երբ դաշնակցականների նման պայքարի պատճառով կային բանտարկվածներ:
«Հերոսներ են նաեւ մեր մեջ գտնվող շատ ընկերներ, որոնք կրկին մասնակցել են Արցախյան երկու պատերազմներին եւ բախտի բերմամբ չեն զոհվել: Նպատակը զոհվելը չէ, այլ անմնացորդ նվիրվելը այն նպատակին, որի համար երդում եք տալու: Այսօր իսկապես դժվար է դաշնակցական լինելը, որովհետեւ իշխանության գխին ունենք մի քաղաքական ուժ, որն իր էությամբ եւ ուղղվածությամբ ապազգային է: Այսինքն՝ մեր պայքարը ոչ միայն արտաքին թշնամու դեմ է, այլ նաեւ հենց մեր պետության, իշխանության դեմ»,- ասաց Կիրո. Մանոյանը՝ շեշտելով՝ դուք պատասխանատու որոշում եք կայացրել:
ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը, խոսքն ուղղելով նորագիր կամավորականներին, ասաց. «Դուք կամավորներ եք, որ այս օրերին միանում եք մեզ, մեր գործին եւ շարունակելու եք այն պայքարը, որ սկսել ենք 130 տարի առաջ»:
Կամավորական գումարտակի փոխհրամանատար Բորիս Տեր-Հովհաննիսյանը նորագիրների հետ զրույցում շեշտեց՝ պատահաբար չի ընտրվել երդման արարողության վայրը՝ Զորաց պանթեոնը, այստեղ ննջում են դաշնակցական այն տղաները, որոնք դաշնակցականի երդումն իրենց արյան գնով ապացուցեցին:
«Մենք հենց այդ ենք սպասում դաշնակցականից: Կանոնագրի մեջ էլ կա՝ դաշնակցականը այն անհատն է, որ ընդունում է Դաշնակցության ծրագիրը, կանոնագիրը, որոշումները, գործելակերպը եւ ամեն ջանք թափելու է, որ կենսագործի այդ որոշումները: Այս տղաները հսկաներ են, հայոց պատմության երկնքի մեջ աստղեր են փայլուն: Ոմանց դուք ճանաչում եք, ոմանց՝ ոչ, բայց նրանք մեր պատմության, վերջին պատերազմի նվիրյալներից էին, որոնք մեկ րոպե անգամ չվարանեցին՝ երդումն ի կատար ածելու, հայրենիքը փրկելու, ամբողջականությունը պահպանելու, ընկերների կյանքը փրկելու համար: Դուք, որ գաիս եք՝ նույն ճշտապահությամբ եւ կարգապահությամբ, նույն հպարտությամբ եւ վճռականությամբ, պիտի երդվեք եւ խոստանաք, որ շարունակելու եք մեր ընկերների ճանապարհը»,- ասաց Բորիս Տեր-Հովհաննիսյանը՝ խոսքն ուղղելով նորագիր կամավորականներին: