Սա առաջին օդային միջանցքն էր, որ տրվեց Ադրբեջանին: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի օդային ճանապարհով Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթին:
Պատգամավորը նշեց, որ այսօր կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ կհնչեցնեն այդ հարցը և կփորձեն հասկանալ, թե ինչ պայմանում է ստացվել, որ օդային միջանցք է տրամադրվում:
«Այսինքն Իրանը փակում է, իսկ Հայաստանը, որ բազմաթիվ խնդիրներ ունի Ադրբեջանի հետ, առանց դրանք լուծելու, տալիս է այդ օդային միջանցքը: Դա մեզ համար տրամաբանական չէ»,-ասաց պատգամավորը:
Հարցին, թե ինչ հույսով է իրենց թիմը գնում իշխանափոխության օրակարգի հետևից, Աննա Գրիգորյանն ասաց, որ ունեն հստակ օրակարգ և իշխանափոխությունը պետք է անխուսափելի լինի:
«Փաստացի հիմք է պատրաստվում երկրի վերջնական կապիտուլյացիայի համար, ինչը մեզ համար անընդունելի է, և սրա դեմ պայքարելու ենք լինի դա խորհրդարանում, փողոցում, թե այլ հարթակում»,-նշեց Աննա Գրիգորյանը: