2021 թվականի ապրիլի 8-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ այդ օրը Բաքվից Երևան է տեղափոխվելու հայ ռազմագերիների ևս մեկ խումբ: Ռազմագերիների խմբի վերադարձի մասին հայտարարել էր նաև իշխանական մեկ այլ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Ինքնաթիռը ժամանեց, բայց, ինչպես հաղորդվեց այդ օրը, այն դատարկ էր:
Այս անհասկանալի միջադեպից հետո շատ լրատվամիջոցներ գրեցին, որ Բաքվից ինքնաթիռը դատարկ չի հասել Երևան: Շրջանառվում էր վարկած, ըստ որի՝ այն Հայաստան է բերել թուրք-ադրբեջանական պատվիրակության, որոնք եկել են «Մեղրիի միջանցքի» հարցով։
Օրերս այս միջադեպի հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել: Ինքնաթիռն, պարզվում է, դատարկ չի ժամանել, բայց ոչ թե պատվիրակություն է եկել, այլ՝ գերիներից մեկի խոշտանգված մարմինը: «Հետք» պարբերականը ներկայացրել էր 19-ամյա Գագիկ Մկրտչյանի մասին, որը գերեվարվել էր դեկտեմբերի 6-ին Հադրութի Տյաք գյուղից: Տղայի անհետանալուց վեց ամիս անց մայրը ստացել է նրա խոշտանգված դին՝ 2021-ի ապրիլի սկզբին: Նրա մարմինը խոշտանգված և գլխատված է եղել։ «Հետք»-ին մայրը պատմում է իր որդու մասին՝ տեղեկացնելով, որ նրա խոշտանգված մարմինը Երեւան է տեղափոխվել այն ինքնաթիռով, որը ասվեց, թե դատարկ է եկել Երեւան: «Ապրիլի սկզբներն էր, երբ Բաքվից գերիների հետեւից գնացած ինքնաթիռը դատարկ եկավ, այսինքն տարածվեց լուր, որ սպանված գերիներ են բերել, բայց պաշտոնական հայտնեցին, թե գնացել, դատարկ է եկել: Մենք խառնվեցինք իրար, նորից ահազանգեցինք ու ապրիլի 19-ին հայտնաբերեցինք Գագիկիս դին Մխիթար Հերացիում: Մեզ զանգեցին ասին, որ ԴՆԹ համընկնում կա»:
Այսօր խորհրդարանում լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ է այդ հանգամանքը հանրությունից գաղտնի պահվել, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է, որ դա իր բացթողումն է. մանրամասն կուսումնասիրի դեպքը եւ պարզաբանում կներկայացնի: