կարևոր
1372 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-06 13:03

Մեզ համար հիմա ինֆորմացիայի աղբյուր է թշնամի պետության տրամադրած տեղեկատվությունը. Աննա Մկրտչյան

Մեզ համար հիմա ինֆորմացիայի աղբյուր է թշնամի պետության տրամադրած տեղեկատվությունը. Աննա Մկրտչյան

Չի անցնում գոնե մեկ շաբաթ, որի ընթացքում չկատարվի այնպիսի քաղաքական իրադարձություն, ինչը կապացուցի, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր տված խոստումները կյանքի կոչել: Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Հայաստանի օդային տարածքով իրականացված Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթին:

«Երբ ասում ենք, որ փաստացի ՀՀ-ն դարձել է այս տարածաշրջանում ուղղակի վարչատարածքային միավոր, այլ ոչ թե սուբյեկտ, ասում են՝ մի չափազանցրեք իրականությունը: Հիմա ունենք միջպետական ճանապարհ, որն ուղղակի զավթված է և իշխանությունները փորձում են որպես սահմանային փոքրիկ միջադեպ դա ներկայացնել: Մեզ համար հիմա ինֆորմացիայի աղբյուր է մեր թշնամական պետության տրամադրած տեղեկատվությունը, ինչը խայտառակություն է»,-ասաց պատգամավորը:

Աննա Մկրտչյանը նշեց, որ ՄԱԿ-ի ելույթում Նիկոլ Փաշինյանը խուսափեց խոսել այն մասին, որ պատերազմի ժամանակ եղել են վարձկաններ:

«Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում անգամ օգտագործել միջազգային հանրության այն օղակները, որոնք կարող են ներգործություն ունենալ Հայաստանի սուբյեկտայնության պահպանման մեջ»,-նշեց Աննա Մկրտչյանը:

Բացի այդ, պատգամավորը նշեց նաև, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում ոչ միայն անվտանգային համակարգ չկա, այլև մարդ չկա, որն ուզում է այդ անվտանգային համակարգը պահպանել: 

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի հայ համայքի հետ հանդիպման ժամանակ փորձում էր լրացուցիչ անգամ հիմնավորել, որ ՀՀ-ն հակաիրանական դավադրությունների մեջ չի ներքաշվելու:

«Փաստորեն մեր հարևանների և բարեկամների հետ հարաբերություններում այնտեղ ենք հասել, որ ստիպված իրենց երաշխիքներ ենք տալիս: Սա խոսում է այն մասին, թե ուր է Նիկոլ Փաշինյանը հասցրել մեր հարաբերությունները ռազմական և հարևան երկրների հետ»,-ասաց Աննա Մկրտչյանը:

Վերջինս նկատեց՝ սրա հիմնական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դրսի բոլոր խաղացողներին՝ անկախ նրանից մեր բարեկամներն են, թե թշնամիները, տարբեր խոստումներ է տվել: Տպավորություն է, որ յուրաքանչյուրն իր մասով սպասում է այդ խոստումների իրականացմանը: