կարևոր
412 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-06 11:04

Այսօր ՀՅԴ անդամ, «Արցախի հերոս» Աշոտ Ղուլյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՅԴ անդամ, «Արցախի հերոս» Աշոտ Ղուլյանի ծննդյան օրն է

«Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»։

ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանը (Բեկոր Աշոտ) ծնվել է 1959թ-ի հոկտեմբերի 6-ին Բաքվում:

Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում։ 5 տղաից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։ Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր (Ասկոլկա)։ 

Բեկորը մասնակցել է Արցախում մղված մարտերից շատերին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն։ Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։

1992 թվականին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք։ Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան 6:30-ին Աշոտը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ՝ Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն Արցախի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։ «Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ավելացրել էր Բեկորը:

1992 թվականի օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար։