կարևոր
337 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-06 10:34

Սիմոն Բաբայանը ստանձնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը

Սիմոն Բաբայանը ստանձնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը

Սիմոն Բաբայանը երեկ ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը: Նա ՀՀ Փաստաբաների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ դադարեցրել է պաշտոնավարումը Փաստաբանական դպրոցում:

Փաստաբանների պալատի արդեն նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ՀՀ փաստաբանական դպրոցի խորհրդի միաձայն որոշմամբ նշանակվել է ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն: Այս մասին գրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

«Հարգելի գործընկերներ,

ՀՀ Փաստաբաների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ այսօրվանից դադարեցրել եմ պաշտոնավարումս Փաստաբանական դպրոցում:

Շնորհակալություն եմ հայտնում Փաստաբանական դպրոցի աշխատակազմին և դասախոսական անձնակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Միաժամանակ պետք է տեղեկացնեմ, որ իմ առաջարկով, Փաստաբանական դպրոցի տնօրենի պաշտոնում` կառավարման խորհրդի միաձայն որոշմամբ, ընտրվել է Արա Զոհրաբյանը:

Անգնահատելի է նրա ավանդը Փաստաբանների պալատի զարգացման, Հայաստանում փաստաբանության և դրա անբաժանելի ինստիտուտների՝ այդ թվում Փաստաբանական դպրոցի կայացման գործում։

Արա Զոհրաբյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, ունի երկարամյա դասավանդման փորձ, նրա ակտիվ մասնակցությամբ են մշակվել Փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացի կանոնակարգումները:

Համոզված եմ` Արա Զոհրաբյանի ղեկավարման ներքո ապահովվելու է Փաստաբանական դպրոցի զարգացումը:

Բեղմնավոր և արգասաբեր աշխատանք եմ մաղթում նրան»:

Հիշեցնենք, սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել էին փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները, որի արդյունքում թեկնածու ընտրվեց Սիմոն Բաբայանը: