Արցախում ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի մարտական առաջադրանքը կատարելիս 2020թ.-ի հոկտեմբերի 6-ին զոհվեց ՀՅԴ «Կամավորական Շարժում» ՀԿ անդամ, 47–ամյա Մհեր Հարությունյանը (Հրազդանցի Ճուտ)։ Նրան բոլորը ճանաչում էին «Ճուտ» մականունով, քանի որ առաջնագծում էր 17 տարեկանից՝ Շահումյանի շրջանում։
Անցել է Արցախյան ազատամարտի ողջ ուղին, եղել Դաշնակցության Շուշիի առանձին գումարտակի մարտիկ։ Հետո արդեն իր բազմաթիվ զինակից ընկերների հետ առաջին իսկ օրը եղել է Ապրիլյան պատեզամի թեժ կետերում։
Դաշնակցական մյուս կամավորների հետ դիրքերից չի իջել անգամ քառօրյա պատերազմի զինադադարից հետո։
Սեպտեմբերի 27-ին էլ, պատերազմի լուրն առնելուց հաշված ժամեր անց, մյուս կամավորների հետ միասին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ էր։
Մհերն, իբրեւ վաշտի հրամանատար, կարճատեւ, եռօրյա մարզում անցկացրեց իր ենթակա կամավորների հետ, ու մեկնեց առաջնագիծ։
Նրանք հերոսաբար ընկան հոկտեմբերի 6-ին՝ Արցախում, ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքի ազատագրման համար մղված ծանր մարտում՝ ջախջախիչ հակահարված տալով թշնամուն: Այդ նույն օրը Մհեր Հարությունյանի հետ զոհվեցին նաև նույն վաշտի ազատամարտիկներ Գևորգ Հաջյանը և Քրիստափոր Արթինը: