կարևոր
400 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-05 19:15

Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին չնպաստել թուրք-ադրբեջանական դավադրությանը․Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ տպավորությանը, որ Հայաստանը կորցրել է դիմադրելու կամքն ու արիությունը։

«Գերմանացի մեծ զորահարամանատար և ստրատեգ Կառլ ֆոն Կլաուզեվիցն իր հայտնի Vom Kreige` «Պատերազմի մասին» աշխատության մեջ մի միտք է արտահայտել․ «Հակառակորդ պետությունը պետք է նվաճել, որ հակառակորդը ռազմական ուժերը չվերականգնի»։ Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան ճիշտ այդ ուղու վրա են։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությամբ հաստատված հրադադարից հետո Ադրբեջանի ագրեսիվ ու բացահայտ թշնամական գործողությունները շարունակում են։ Նախ ադրբեջանցիք խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, գրավեցին Արցախի Հանրապետության Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ Ինչքանով Հայաստանի Հանրապետությունն էր Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորողը նույնքանով էլ Արցախն էր Հայաստնի անվտանգության երաշխավորը։

Մարտական գործողությունների արցախյան թատերաբեմում ռազմական հաղթանակ արձանագրելուց հետո, ինչպես և սպասելի էր, թուրք-ադրբեջանական հրոսակներն իրենց ճանկերն ուղղեցին դեպի Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանցիները, դեռևս լիովին չպարզված հանգամանքներում հայտնվեցին Շուռնուխում ու Գորիս-Կապան ճանապարհի վրա, Սև լճում ու Վերին Շորժայում։ Բայց դրանով նրանց քաղցը չհագեցավ․ ախորժակն ուտելուց է բացվում։ Հիշենք Ալիևի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում, որը հագեցած էր ստերով և Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքներով, հիշենք Էրդողանի նախապայմանները։ Որևէ կասկած չկա, որ Էրդողանն ու Ալիևը որոշել են հետևել ֆոն Կլաուզևիցի խորհուրդներին։ Էրդողանը դա չի էլ թաքցնում։ Նրանց բոլոր քայլերն ուղղված են ցեղասպան Էնվերի հոգուն հպարտություն պարգևելուն։

Իսկ ինչպե՞ս է սրան արձագանքում Հայաստանի Հանրապետությունը։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը կորցրել է դիմադրելու կամքն ու արիությունը։ Թուրքերը խոսում են անընդունելի նախապայմաններով, իսկ մեր իշխանությունները դրանում դրական ուղերձներ են տեսնում։ Բանակցությունների հնարավոր առարկան թուրքերը բանակցությունների նախապայման են դիտում։ Եթե ՀՀ կառավարությունն ընդունի այդ նախապայմանները, թուրքերի հետ ինչի՞ շուրջ է բանակցելու․ լոլիկի գնի՞։ Ադրբեջանն ամբողջ Հայաստանը համարում է պատմական Ադրբեջանի տարածքի վրա ստեղծած արհեստական գոյացություն, իսկ Հայաստանի քաղաքական վերնախավը չի խոսում Արցախի Հանրապետության գրավյալ տարածքների դե-օկուպացիայի ու Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասին։ Ավելին, դեռ մինչև ադրբեջանցիների հետ սահմանների ճշգրտումը, ՀՀ կառավարությունը գնում է միակողմանի զիջումների ու նույնիսկ որոշ տարածքներ, որոնց վերաբերյալ միջազգային հարթակներում ոչ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ կոչում են «վիճելի տարածքներ», հայ պաշտոնյաները կոչում են ադրբեջանական տարածք։ «Հայկական վերահսկողության տակ կան ադրբեջանական հատվածներ, ճանապարհն անցնում է Ադրբեջանով, մաքսակետը դրել են ադրբեջանական տարածքում․․․»։ Բա էլ ի՞նչ սահմանագծման ու սահմանազատման մասին ենք խոսում, եթե դեռ մինչև սահմանների ճշտումը դուք արդեն կամավոր որոշել եք, ինչն է իրանցը։ Հիշեցնեմ, որ ադրբեջանցիք որոշել են, որ ամեն ինչն է իրանցը և խոստանում են վերադառնալ Երևան և Վարդենիս։

Առավել մտահոգիչ է ՀՀ իշխանությունների դիրքորոշումն Արցախի հարցում։ ՀՀ բարձրագույն ղեկավարության որոշ արտահայտություններ, միտումնավոր կամ ոչ գիտակցաբար, ջուր են լցնում ադրբեջանական ջրաղացին։ Շուշիի ու Հադրութի դե-օկուպացիայի մասին խոսք չկա։ Ավելին, նախ Շուշին որակվեց որպես դժգույն ու դժբախտ քաղաք։ «Բա մեզ Շուշին պե՞տք էր»․․․ Երկու օր առաջ էլ հայտարարվեց, թե Շուշիում որևէ շինարարություն չի կատարվել։ Ես Շուշիում առաջին անգամ եղել եմ 1992-ին, վերջին անգամ՝ պատերազմի բռնկվելուց մի քանի շաբաթ առաջ։ Երրորդ որդիս է Շուշիում կնքվել։ Մի՞թե 2020 թ․ Շուշին կարելի է համեմատել 1992 թ․ Շուշիի հետ։ Ուրախ ու պայծառ քաղաք էր։ Շուշիում տարեկան 2-3 մլրդ կապիտալ շինարարություն էր իրականացվում։ Կառուցվել է խմելու ջրագիծը, ֆիլտրման կայանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, օրիորդաց վարժարանի կիսավեր շենքը վերակառուցվեց ու դարձավ մշակույթի նախարարություն։ Ադրբեջանի նախագահն ասում է՝ հայերը քանդել ու ավիրել են, ՀՀ վարչապետն ասում է՝ ոչինչ չեն կառուցել․․․․ Մի տեսակ շատ համահունչ են այս պնդումները․․․․

Տիկնայք և պարոնայք, ես հասկանում եմ որ Հայաստանի ու Արցախի հանրապետություններն այսօր շատ ծանր օրեր են ապրում ու ես հույս ունեմ, որ քննիչ հանձնաժողովը կպարզի, թե ինչպես հասանք այս օրին, բայց․․․․․ բայց այսօր կոչ եմ անում ՀՀ իշխանություններին իրենց գործողություններով ու արտահայտություններով չնպաստել թուրք-ադրբեջանական դավադրության իրականացմանը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։