կարևոր
2725 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-05 17:47

Դաշնակցությանն արատավորելու՝ կառավարության ղեկավարի նորագույն փորձը վիրավորանք է ոչ միայն ՀՅԴ-ին, այլև Իրանին․ ՀՅԴ Բյուրո

Դաշնակցությանն արատավորելու՝ կառավարության ղեկավարի նորագույն փորձը վիրավորանք է ոչ միայն ՀՅԴ-ին, այլև Իրանին․ ՀՅԴ Բյուրո

Հայաստանի ղեկավարումը դեռևս իրականացնող իշխանությանը խստորեն զգուշացնում ենք՝ փորձ չանե՛լ երկիրը մատնելու հերթական կապիտուլյացիային և փորձ չանե՛լ դաշնակիցների հետ հարաբերություններ հաստատել «առևտրի» տրամաբանությամբ։ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը  արատավորելու՝ ՀՀ կառավարության ղեկավարի նորագույն փորձը վիրավորանք է ոչ միայն ՀՅԴ-ի հասցեին, որ միշտ գործել է հայ-իրանական հարաբերությունների սերտացման ուղղությամբ, այլ նաեւ՝ Իրանին, որին մեկ հոդվածի հիման վրա դիրքորոշում ճշտելու վերագրում է արվում։

ՀՅ Դաշնակցության Բյուրոն հայտարարություն է տարածե, որն այսօր ԱԺ նիստին ներկայացրեց  ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«ՀՅ Դաշնակցության Բյուրոն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին։ Այս ուղղությամբ չափազանց ուշագրավ են անցած շաբաթներին Իրանի Իսլամական Հանրապետության հրապարակած դիրքորոշումները և կատարած քայլերը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ երկրի հյուսիսարևմտյան հատվածում, որը սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, Արցախի բռնազավթված տարածքներին ու Ադրբեջանին։

Իրեն հարևան գրեթե բոլոր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրածովքից մինչև Հարավային Կովկաս և Մերձավոր Արևելք ապակայունացնող և ռազմական բախումներ հրահրող Թուրքիայի Հանրապետությունը, այժմ էլ Ադրբեջանի միջոցով է փորձում իր ռազմավարական դիրքերը բարելավել Կասպից ծովի ավազանում և Իրանի հյուսիսային հատվածում։ Թշնամական որոշ շրջանակներ նույնիսկ բացահայտ ակնարկում են Իրանում միջէթնիկ բախումներ հրահրելու հեռահար նպատակների մասին։

Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված և պատերազմական հանցագոր­ծություններով ուղեկցվող ագրեսիայի ընթացքում ու ի հետևանք դրա՝ ադրբեջանաթուրքական տանդեմին հաջողվել է Հարավային Կովկասը մտցնել աշխարհա­քաղաքական սակարկությունների նոր հորձանուտի մեջ և էապես վտանգել տարածաշրջանային անվտանգությունը։ Ադրբեջանաթուրքական այս արկածախնդրու­թյունը նախ և առաջ ուղղված է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և ավանդաբար այս տարածաշրջանում քաղաքական ազդեցություն ունեցող պետությունների դեմ։ Ըստ հավաստի տարբեր հրապարա­կումների՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի գրավյալ տարածքներում պահել «ծայրահեղ-իսլամիստ» վարձկանների, ինչպես և ռազմական հնարավորություններ տրամադրել այլ ուժերի։

Տարածաշրջանային անվտանգության հերթական խաթարումը  չի՛ կարող վերաբերվել միայն Հայաստանին։ Հետևաբար, ողջունում ենք տարածաշրջանային անօրինական և վտանգավոր վերաձևումները կանխելու Իրանի ղեկավարության ռազմաքաղաքական կամքը։

Հայաստանի ղեկավարումը դեռևս իրականացնող իշխանությանը խստորեն զգուշացնում ենք՝ փորձ չանե՛լ երկիրը մատնելու հերթական կապիտուլյացիային և փորձ չանե՛լ դաշնակիցների հետ հարաբերություններ հաստատել «առևտրի» տրամաբանությամբ։

Հայ Յեղափոխական Դաշնակցությանը  արատավորելու՝ ՀՀ կառավարության ղեկավարի նորագույն փորձը վիրավորանք է ոչ միայն ՀՅԴ-ի հասցեին, որ միշտ գործել է հայ-իրանական հարաբերությունների սերտացման ուղղությամբ, այլ նաեւ  Իրանին, որին մեկ հոդվածի հիման վրա դիրքորոշում ճշտելու վերագրում է արվում։

ՀՅ Դաշնակցությունն իր ամբողջ կարողականությամբ՝ Հայրենիքում և Սփյուռքում, այդ թվում ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցով և միջազգային քաղաքական հարաբերությունների  ճանապարհով  շարունակում է աշխատանքներ տանել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և ադրբեջանաթուրքական տանդեմի հանցագործ մտադրությունների իրականացումը կանխելու ուղղությամբ»։

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ

5 հոկտեմբերի 2021 թ.