կարևոր
850 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-05 17:33

ԱԱԾ-ի վճարած եկամտահարկն ավելի մեծ գումար է, քան, ասենք, Երեւանի կոնյակի գործարանի բոլոր հարկերը միասին. Աղվան Վարդանյան

ԱԱԾ-ի վճարած եկամտահարկն ավելի մեծ գումար է, քան, ասենք, Երեւանի կոնյակի գործարանի բոլոր հարկերը միասին. Աղվան Վարդանյան

Ազգային անվտանգության ծառայությունը վճարել է 2 միլիարդ դրամ եկամտահարկ։ Այսինքն՝այդ մարմինըվճարել էմոտ 10 մլրդ դրամ կամ 21 մլն դոլար աշխատավարձ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Հայտարարությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Թվերը դաժան բաներ են, և՝ խելացի։ Շատ շատերից՝ խելացի։ Թվային դրոշմը չի մաքրվում։

Հիմա՝ թվերը ինչ են ասում մեր պետության մասին։

Հարկային ծառայությունը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը՝ 2021թ. հունվար-հունիս ամիսների։

Պարզվում է՝ ցանկում մեծաթիվ են պետական կառավարման մարմինները։ Այն էլ՝ բարձր հորիզոնականներում։ 1000 խոշորների ցանկում 40-րդը ազգային անվտանգության ծառայությունն է։ 41-ը պետական եկամուտների կոմիտեն է, 79-ը՝ դատական դեպարտամենտը,վարչապետի աշխատակազմը 102-րդն է, ոստիկանությունը՝ 151-ը, ոստիկանության զորքերը՝ 158-ը, ճանապարհային ոստիկանությունը՝ 164-ը։ Դատախազությունը 182-րդ հորիզոնականում է, ՊՊԾ-ն՝ 331։

Կարեւոր բան. պետական կառավարման մարմինների վճարածը 95 տոկոսով միայն եկամտահարկն է, ինչը բարձր աշխատավարձեր եւ մեծ թվակազմ է վկայում։

Ազգային անվտանգության ծառայությունը վճարել է 2 միլիարդ դրամ եկամտահարկ։ Այսինքն՝այդ մարմինըվճարել էմոտ 10 մլրդ դրամ կամ 21 մլն դոլար աշխատավարձ։

Մինչեւ 2019թ. ազգային անվտանգության ծառայությունը չի եղելխոշոր հարկ վճարողների ցանկում, հայտնվել է 2020-ից։

Փաստորեն Ազգային անվտանգության ծառայությունը խոշոր հարկ վճարող է դարձել այդ մարդու իշխանության գալուց հետո։ Այն այդ մարդու իշխանությունը պահելու հենարանն է՝ մյուս ուժային կառույցների հետ։ Պատվաբեր գործ չէ։

Եթե մյուս խոշորները այս ցանկում հայտնվում են, եկամտահարկից բացի, նաև շահութահարկ, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ վճարելու համախմբած ցուցանիշով, ապա պետական մարմինները առաջատար ընկերություններից բարձր դիրքեր են զբաղեցնում միայն եկամտահարկով։

Այսինքն` ԱԱԾ-ի վճարած եկամտահարկն ավելի մեծ գումար է, քան, ասենք, Երեւանի կոնյակի գործարանի բոլոր հարկերը միասին. ԱԱԾ-ն 40-րդ տեղում է, կոնյակի գործարանը՝ 60-րդ, VIVARO-ն՝ 279-րդ։

Ոստիկանությունը չի եղել 2020-ի ցանկում։ Ասել է` նրանց աշխատավարձը կտրուկ բարձրացել է վերջին պատերազմից հետո։

Այս երանելի ցանկում առաջին անգամ հայտնվել է վարչապետի աշխատակազմը. պատվավոր 102-րդ տեղում է։

Թվային դաժան փաստ է՝ այդ մարդը պետական բյուջեի միջոցներն անխնա բաշխում է յուրայիններին, իր անձնական անվտանգությունն ապահովող մարմիններին։ Նախկինում, կարծեմ, այլ բան էր խոստանում։

Այս թվերը ցուցիչ են։ Բնութագրում են տնտեսությունը, պետությունը։

Այս թվերը խարան են այս իշխանության վրա։ ԱԱԾ-ով, ոստիկանությունով, դատախազությունով, ՊՊԾ-ով այդ խարանից չեք ազատվելու»։