կարևոր
1138 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-05 17:19

Ալիևն այդքան չէր լկտիանա, եթե Հայաստանը ներկայացված չլիներ պարտության դեմքով. Արեգնազ Մանուկյան

Ալիևն այդքան չէր լկտիանա, եթե Հայաստանը ներկայացված չլիներ պարտության դեմքով. Արեգնազ Մանուկյան

Հայաստանն արնաքամ է լինում։ Ամեն օր մի նոր շոկ ենք ապրում, արթնանում վատ լուրերով՝ այդ ամենի արանքում տեսնելով, թե ինչպես են աղքատությունն իրենց գրպաններում արագ տեմպերով հաղթահարում երեկվա, այսպես կոչված, հակակոռուպցիոնիստները, հունական կղզիներում թանկարժեք մասնավոր կյանք անցկացնողները, ովքեր այդ ընթացքում կոկորդիլոսի արցունքներ են թափում գերիների ու անհետ կորածների հարազատների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Հայտարարությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեկ տարի առաջ այս օրերին, մեզ «էն գլխից» պատրաստեցին պարտության՝ հայտարարելով, որ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Հետո հպարտացան այդ պարտությամբ, այնուհատև՝ ասվեց, որ երբեմն հաղթել կարելի է նաև․․․ պարտվելով։

Սա պատերազմ էր, որ կարող էր չլինել, սա պարտություն էր, որ կարող էր չլինել։

Կարող էր Արցախի պետականությունը պահպանված լինել, կարող էինք Գորիս-Կապան ճանապարհով ազատ երթևեկել ու չվախենալ, այսպես կոչված, մոլորվելուց ու ադրբեջանցիների ձեռքն ընկնելուց։

Կարող էին ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում չտեղակայվել։ Կարող էին Իրանից եկող բեռնատարները ազատորեն հասնել Արցախ, իսկ այնտեղից հետ գալուց իրանցի վարորդները չէին ձերբակալվի։

Շուշին ու Հադրութը կարող էին մերը լինել, եթե կանոնավոր բանակը չվերածվեր ցաքուցրիվ ջոկատների, եթե կասկածելի ու քրեական հոդվածներով նախատեսված որոշումներ չընդունվեին։

Ալիևն այդքան չէր լկտիանա, եթե Հայաստանը ներկայացված չլիներ պարտության դեմքով։

Էրդողանը նախկինում ինքն էր նամակով դիմում Հայաստանի իշխանությանը, իսկ հիմա Հայաստանի իշխանությունն է միջնորդով դիմում Էրդողանին՝ խնդրելով հանդիպում ու հրապարակավ մերժում ստանալով։

«Դու մենակ չես» կոչով իշխանության եկածները թուրքական բայրաքթարների տակ մենակ թողեցին հայ զինվորին ու մեր հայրենիքի կարևոր մասը։

Կյանքը ցույց տվեց, որ այս իշխանության համար զինվորը զրո արժեք ունի։ Ասացին, եթե շուտ կանգնեցնեինք պատերազմը, ապա մարդիկ կասեին «Նիկոլ դավաճա՛ն»։ Իսկ հիմա մարդիկ ի՞նչ են ասում։

Գերիներին առաջարկում էին մեկ-երկու ամիս սպասել՝ հանուն ինքնիշխանության, բայց իրականում հանուն իրե՛նց իշխանության։ Անցել են այդ ամիսները, ո՞ւր են գերիները։ «Խաղաղության դարաշրջանը» գերիներո՞վ ենք դիմավորելու․․․

Հայաստանն արնաքամ է լինում։ Ամեն օր մի նոր շոկ ենք ապրում, արթնանում վատ լուրերով՝ այդ ամենի արանքում տեսնելով, թե ինչպես են աղքատությունն իրենց գրպաններում արագ տեմպերով հաղթահարում երեկվա, այսպես կոչված, հակակոռուպցիոնիստները, հունական կղզիներում թանկարժեք մասնավոր կյանք անցկացնողները, ովքեր այդ ընթացքում կոկորդիլոսի արցունքներ են թափում գերիների ու անհետ կորածների հարազատների հետ հանդիպման ժամանակ։

Եվ այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ու Արցախը մնացել են «Պարտության» կուսակցության տակ, քանի դեռ նոր ու ազգային իշխանություն չի ձևավորվել»։