Որ ասում եք Սյունիքում էիք, հասկանալի չէ՝ Սյունիք գնացել էիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավին մասնակցելո՞ւ, լուսանկարվելո՞ւ, թե՞ իրավիճակը տեղում պարզելու համար: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ինչ վերաբերում է հարցապնդումներին, այո՛, բազմաթիվ հարցապնդումներ ես պաշտպանության նախարարին ուղղել եմ Սյունիքի հետ կապված: Հարցապնդումը վերաբերում է այն բոլոր գործողություններին, որ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո դեկտեմբերի ընթացքում տեղի է ունեցել՝ ինչպե՞ս են հայկական զինված ուժերի ստորաբաժանումները, կամավորական խմբերը հետ քաշվել 10 կմ-ից ավելի, ինչի՞ հիման վրա է եղել, եղե՞լ է արդյոք որևէ փաստաթուղթ, հրամանը ի՞նչ փաստաթղթի հիման վրա է եղել, եղե՞լ է արդյոք այլ երկրների հետ կնքված որևէ փաստաթուղթ, համաձայնագիր, հռչակագիր»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորը նշեց, որ այդ բոլոր հարցերը ուղղվել են պաշտպանության նախարարին և օրենքով սահմանված ժամկետում պատասխանները ստանալուց հետո շատ ավելի առարկայական կբարձրաձայնեն այդ ամենի մասին:
«Մեր օրենքի սահմաններում, ճիշտ ժամկետներում ուղարկված արտահերթ նիստ հրավիրելու առաջարկին հանձնաժողովի նախագահի կողմից պատասխանը եկել է այն ժամանակ արդեն, երբ որ նիստը պետք է կայացած լիներ: Փաստը այն է, որ Ազգային Ժողովի կանոնակարգին համապատասխան մենք իրավունք ունեինք պահանջելու արտահերթ նիստ, որի ժամանակ արդեն քննարկումը կլիներ՝ թե ի՞նչ ձևաչափով է լինելու, արդյոք որոշման նախագիծ պետք է լինի՞, թե՝ ոչ, բայց հանձնաժողովի նախագահի անգործության կամ միտումնավորության պատճառով երեկ արտահերթ նիստ տեղի չունեցավ»,-ասաց Մանուկյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ էր հրավիրվել։
Հավելենք, որ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: