կարևոր
1372 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-05 12:57

Հիմա Ադրբեջանի հետ բանակցություններ վարել Արցախի հարցի կարգավորման մասին, նպատակային չէ. Արթուր Ղազինյան

Հիմա Ադրբեջանի հետ բանակցություններ վարել Արցախի հարցի կարգավորման մասին, նպատակային չէ. Արթուր Ղազինյան

«Հիմա հանդիպում ունենալ Ադրբեջանի հետ եւ բովանդակային բանակցություններ վարել Արցախի հարցի կարգավորման մասին, նպատակային չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ պատասխանելով հարցին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպման առաջարկին, ուստի սա նշանակում է, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի օրակարգը. ձեզ համար հասկանալի՞ է՝ ի՞նչ օրակարգի մասին է խոսքը, երբ ադրբեջանական կողմը խոսում է խաղաղության պայմանագրի մասին՝ իր պատկերացումներով: 

Նա նշեց, որ Հայաստանը գտնվում է բավականին թույլ վիճակում, բանակցային դիրքերը բավական թուլացած են և հիմա գնալ բանակցությունների, կնշանակի՝ զիջել բավական լուրջ դիրքեր, նաև վտանգներ առաջացնել  Հայաստանի և Արցախի անվտանգության և տարածքային ամբողջականության համար:

«Իհարկե, իշխանությունը որոշեց անել այլ բան, հայտարարվեց, որ իշխանությունը բարձրագույն մակարդակով պատրաստ է հանդիպել Ադրբեջանի ղեկավարի հետ, եթե չեմ սխալվում, ասվեց, որ պատրաստ է տանել ականապատ տարածքների քարտեզները ու փոխանակել բոլոր գերիների հետ:

Սա ևս նոնսենս է, քանի որ գերիներին պետք էր վերադարձնել նոյեմբերի 10-ին, 11-ին, եռակողմ հայտարարության մեջ ամենակարևոր պահանջներից մեկն է, ինչը որ չի արել Ադրբեջանը և Հայաստանն ըստ հավուր պատշաճի հետևողական չի եղել, որպեսզի գերության մեջ պահվող, խոշտանգվող, սպանվող մեր քաղաքացիները, համաձայն ստորագրված պայմանագրի, վերադարձվեն: Հիմա ստացվում է, որ Ալիևը փորձում մեզ վրա մի բան վաճառել, ինչը պարտավոր էր տալ առանց որևէ նախապայմանի»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

Այս ամենում Արթուր Ղազինյանի համար անհասկանալի է ՀՀ իշխանության վարքագիծը, որն իր գնահատմամբ հակասում է ՀՀ ազգային եւ պետական շահերին, իսկ այս իշխանության գոյությունն ամեն օր վտանգում է պետության եւ ժողովրդի ապագան:

«Մենք տեսել ենք Փաշինյանի վարած բանակցությունները երեք տարի, տեսել ենք, թե ինչի է հանգեցրել, ինչպես է փոշիացվել ու զրոյացվել  26 տարվա բանակցային ողջ կապիտալը, դա ինչ հետևանքներ է ունեցել: Ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ այսօրվա մեր իշխանությունն ունակ չէ բանակցություններ վարել»:

Արթուր Ղազինյանը համոզված է՝ պետք է կանգնեցնել բանակցային գործընթացն ամբողջությամբ.

«Չի կարելի բանակցել, պետք է վերադառնալ տուն, հասկանալ խնդիրները, պարզել պատճառները, գտնել մեղավորներին, ենթարկել պատասխանատվության։ Եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, ապա դա է ձևը՝ լիզել վերքերը, վերականգնել, վերազինել բանակը, համախմբել ժողովրդին, բարձրացնել պետական ինստիտուտների գործունեության արդյունավետությունը, պետության, քաղաքացիների անվտանգության երաշխիքները, հետո արդեն առավել ամուր դիրքերից գնալ բանակցությունների, քանի որ այս պահին դու ոչինչ չունես աաջարկելու, վիճակը բավական բարդ է:

Այն ժամանակ ունեինք բավական շահեկան դիրքեր, կարող էինք բանակցել կամ չբանակցել, առևտրի մեջ առաջարկելու էական ու զգալի բան ունեինք: Ի՞նչ ունենք մենք այսօր առաջարկելու: Կարծես թե՝ ոչ մի բան»։