կարևոր
556 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-05 12:35

Փաշինյանն էլ է քվեարկել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի օգտին, ինչո՞ւ չփոխեցիք․ Արթուր Խաչատրյան

Փաշինյանն էլ է քվեարկել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի օգտին, ինչո՞ւ չփոխեցիք․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԺ-ում փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին շնորհակալություն հայտնեց պնդման համար, որ սահմանը չի որոշվում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։

 «Հայաստան» խմբակցության պատգամավորները նշված օրենքի մասին հարցեր էին ուղղում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունները, թե Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների նկարագրությունը տրվել է դեռեւս 2010-ի ընդունված այդ օրենքով։

«Այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նույնպես քվեարկել է այդ օրենքի օգտին։ Եթե 2010 և 2018 թվականների ընթացքում նրա մոտեցումները փոխվել են, ապա ինչո՞ւ մոտեցումների փոփոխությունը չարձանագրվեց ձեր կառավարության կողմից «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն անելու նախաձեռնությամբ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարը Սուրեն Պապիկյանն է եղել 2018 թ-ին, շարունակել է, հիմա դարձել է փոխվարչապետ, շնորհավորում եմ, հիմա փոխում եք, չէ՞, օրենքի փոփոխություն եք մտցնում, այդ օրենքն էլ փոխեիք, նշանակում է՝ դուք էլ համաձայն չէիք այդ պնդման հետ և համաձայն էիք պրն․ Ռուբինյանի պնդման հետ, որ սահմանը չի որոշվում վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,-իր ելույթում ասաց Արթուր Խաչատրյանը։

Մինչ այդ Արծվիկ Մինասյանը Տերտերյանից հետաքրքրվել էր՝ ինքն այս տեսակետին կո՞ղմ է, թե՞ ինքը ևս համարում է, որ այդ օրենքով չէր կարող Հայաստանի պետական սահմանի հարց քննարկվել։

Վաչե Տերտերյանը պատասխանել էր, որ 1996-ից ակտիվ աշխատում է այս ոլորտում և ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում չի լսել որևէ հիմնավորում, թե սահմանները որոշվում են այդ օրենքով։

Արթուր Խաչատրյանը հիշեցրել էր, որ նման հայտարարություն հնչել է Ազգային ժողովում։

Պատգամավորը ելույթում հնչեցրեց մի շարք հղումներ «Վարչատարածքային բաժանման մասին օրենքին» և ասաց, որ դրանք չափազանց շատ են։

«Շուռնուխ-Դավիթ Բեկ սահմանագիծը, Շուռնուխ, Դավիթ Բեկ և Սև քար գյուղական համայքնների տարածքների բաժանման հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի Հարավ-Արևելք անտառով, առվով և այլն։ Հարավ-Արևելք ինչքա՞ն՝ կորություն կա, երկարություն կա, պարզ է, որ Ադրբեջանը Հայաստանից Արևելք է, բայց գրվա՞ծ է՝ Արևելք ինչքա՞ն, մինչև Հնդկաստա՞ն, թե՞ մինչև Քուռ գետ, չկա չէ՞»,-ուշադրություն հևավիրեց նա։

Անդրադառնալով հղմանը Ալիևի խոսքին, Արթուր Խաչատրյանը նկատեց․

«Տիկնայք և պարոնայք, Ալիևը այս 2-3 տարվա ընթացքում ինչ ասես խոսում է, բայց երբեք հղում չի անում, որ այսինչ տարածքը Ադրբեջան է, որովհետև ՀՀ ներքին օերնսդրությամբ դա է սահմանված»։