կարևոր
604 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-10-05 11:48

4-րդ օրն է՝ Շուռնուխում 11 ձի անցել է ադրբեջանական կողմ ու չեն վերադարձվել

4-րդ օրն է՝ Շուռնուխում 11 ձի անցել է ադրբեջանական կողմ ու չեն վերադարձվել

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում չորրորդ օրն է՝ 11 ձի անցել է թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածք։ Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը, որը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ կենդանիների գտնվելու վայրի մասին տեղեկություն դեռ չկա։ 

«11 ձի անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք ու մինչև հիմա տեղեկություն չկա։ Անասունը սովոր է այդ տարածքներին։ Ձին կապած չեն պահում, բաց են թողնում։ Ես չգիտեմ, չես կարող անասունին ասել սա մերն է, սա ոչ»։

Ձիերը սովոր են եղել արածել այդ տարածքում, մինչև Շուռնուխը կիսվեց երկու մասի՝ ադրբեջանական ու հայկական։ Այնտեղ, ուր, ըստ ամենայնի, անցել են կենդանիները, եղել են հայկական արոտավայրերը։

«Մենք չգիտենք որտեղ են կենդանիները։ Ներկա պահին հետքերը ցույց են տալիս, որ գնացել են այդ ուղղությամբ։ Տեղյակ ենք պահել ԱԱԾ-ին և ռուս խաղաղապահներին։ Ո՞նց կլինի, ի՞նչ կլինի՝ չգիտենք»։

Ձիերը պատկանում են Շուռնուխի բնակիչ Գրիգոր Դարբինյանին։ Վերջինս 12 տարի է՝ պահում է կենդանիներին։ 13 ձիուց 11-ն անհետացել է։ Երեք օր փնտրել է կենդանիներին, մառախուղի պատճառով փնտրտուքները արդյունք չեն տվել։ Հիմա զրկվել է ապրուստի միակ միջոցից ու տուժել ավելի քան 30 միլիոն դրամի։

«Շուռնուխում ճանապարհ գնում ես, ստացվում է աջ կողմը հայկական է, ձախ կողմը թուրքինն է։ Ճանապարհը անցար՝ տերը չես։ 11 միավոր ձին մեծ թիվ է, հանձինս տիրոջ համար՝ էսքան տարի պահել զարգացրել է ու միանգամից ստացվում է՝ ինքը չունի ներկա պահին ոչինչ։ 11-ը բազմապատկեք երեքով ու կստանաք 30 միլիոնից ավելի գումար»։

Փոխքաղաքապետը հանդիպում է ունենալու Շուռնուխի գյուղապետի, ԱԱԾ հրամանատարության հետ, որ տեղեկանա իրավիճակին և հետագա գործողություններին։