Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանի հետ պայմանավորվել էինք, որ բոլոր ջանքերը կգործադրվեն անվտանգային հարցերով հանդիպում կազմակերպելու համար, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել: Ազգային ժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Ինչ վերաբերում է բովանդակային հարցադրումներին, դուք ինքներդ եք այստեղ ասում, որ պետք չէ ամեն հարց հնչի հրապարակային, քանի որ մեր թշնամին էլ է տեսնում և շատ կարևոր է, որ բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանանք առանձին քննարկումների միջոցով: Մենք սա ենք ուզում նաև, այլ ոչ թե հրապարակային ինչ որ շոուի տարրեր պարունակող գործողություններ, որովհետև այն, ինչ կատարվում է հատկապես Սյունիքում, տարածաշրջանում տարբեր դերակատարների կողմից հայտարարությունների առումով՝ ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ խնդիրը պարզապես հարցադրումներ անելու մեջ չէ, քանի որ դրանց պատասխանելու փոխարեն Փաշինյանը տարբեր ամբիոններից սկսում է անհիմն մեղադրանքներ հնչեցնել:
«Մենք ասում ենք՝ հարցն ըստ էության քննենք, ասում եք՝ հարց ու պատասախանի ժամանակ տայիք այդ հարցերը, իսկ դա ճիշտ չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: