կարևոր
832 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-10-04 22:41

Տարածաշրջանում հարեւան երկրների սահմանների փոփոխությունը պաշտոնական Թեհրանի կարմիր գիծն է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Իրանը շարունակում է ցուցադրել իր ռազմական ներուժը ու հայտարարում, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն եւ հարեւան երկրների սահմանների փոփոխությունն իսլամական հանրապետության կարմիր գիծն է: Պաշտոնական Թեհրանի այս դիրքորոշումը Իրանում վերահաստատում են բոլորը՝ գերագույն հոգեւոր առաջնորդը, արտգործնախարարը, պատգամավորները:

Թեհրանից զգուշացնում են, որ եղբայրական Ադրբեջանի համագործակցությունը թշնամական Իսրայելի հետ հետեւանքներ կունենա:

Թեհրանի այս կոշտ արձագանքից Բաքվում ջղաձգվել են, սրտնեղել, որ Հայաստանի հասցեին տարիներ շարունակ Իրանից նման արձագանք չի եղել, հերքել մեղադրանքները, բայց եւ արտգործնախարարությունից ասել են, թե, իբր, Թուրքիայից կախյալ Ադրբեջանը միշտ անկախ արտաքին քաղաքականություն է վարել: Եվ Իրանի զորավարժություններին ի պատասխան՝ Բաքուն ու Անկարան հոկտեմբերի 5-ից 8-ը Նախիջեւանում համատեղ վարժանքներ կանցկացնեն՝ «Անխախտելի եղբայրություն-2021» անունով:

Բացի այդ, Ադրբեջանի, Թուրքիայի ու նաեւ Վրաստանի զինծառայողները զորավարժություններ են սկսել Թբիլիսիում: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ մեկնել է Վրաստան՝ քննարկելու անվտանգային հարցեր:

Այս լարվածության ֆոնին Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Թեհրան: Իրանից, ամեն դեպքում, ընդգծում են՝ այցը ծրագրված էր նախապես: Հանդիպմանը Իրանի արտգործնախարարն ընդգծել է՝ թույլ չեն տա, որ օտարերկրյա ուժերն ազդեն Իրանի հարաբերությունների վրա իր հարեւանների, այդ թվում՝ Հայաստանի հետ:

Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիային մասնակցել են վարձկան ահաբեկիչներ, ընդգծել՝ Բաքուն մինչ այժմ չի վերադարձնում հայ գերիներին, նշել նաեւ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը: Եւ այս համատեքստում արտգործնախարարը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը:

Եվ հայ-իրանական հարաբերություններին Լիտվայում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը: Շեշտել, որ Հայաստանը երբեք ներքաշված չի եղել ու չի ներքաշվի դավադրության մեջ ընդդեմ Իրանի:

Մանրամասնում է՝ Մարին Մելիքսեթյանը։