կարևոր
811 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-04 21:56

Շուշին միշտ էլ եղել է գույնզգույն, թանգարան՝ բաց երկնքի տակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Արցախյան 1-ին պատերազմի հետեւանքով վնասներ կրած «Նախշուն բաջի» քաղաքը 30 տարիների ընթացքում կարողացավ վերածնվել եւ դառնալ Արցախի մշակութային կենտրոն: 30 տարվա ընթացքում իր կոլորիտով գերել է շատերի սրտերը, քաղաքի տարբեր անկյուններում կառուցված են առանձնատներ հենց հայկական տարազային ոճով: Այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի Հանրապետության հայ համայնքի ներկայացուցիչների հետ զրույցում ընդգծել է, որ Շուշիում 30 տարի շենքեր չեն կառուցվել:

Նիկոլ Փաշինյանը նախկինում եւս Շուշին անվանել է դժգույն եւ դժբախտ։

Ըստ վերջին տվյալների՝ Շուշիում բնակվում էր մոտ 5000 հայ, քաղաքում գործում էր 3 հանրակրթական դպրոց, մեկ երաժշական, մանկապատանեկան եւ ստեղծագործական կենտրոն, Գյուրջինյանի գեղարվեստի ինստիտուտ, հումանիտար քոլեջ եւ երկու մանկապարտեզ:

Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը տեղափոխվել էր Շուշի եւ ստեղծվել էր Շուշի քաղաքի թանգարանների ՊՈԱԿ-ը՝ իր մասնաճյուղերով. Շուշիի պատմության թանգարան, Շուշիի ակադեմիկոս Գաբրիելյանցի անվան Երկրաբանության թանգարան, կերպարվեստի թանգարան եւ պատկերասրահ: Առանձին գործում են Գորգերի անհատական ցուցասրահ, Ժամհարյանի մասնավոր թանգարան։ Նաեւ գործում է Խանդամիրյան թատրոնն ու մշակույթի երիտասարդության կենտրոնը: Այնտեղ գործում էին «Ավան Պլազա», «Նոյան տապան», եւ «Գրանդ հոթել» բարձրակարգ հյուրանոցները:

Շուրջ 5000 բնակիչներից մոտ 2000 բնակվում էր առանձնատներում, իսկ մնացյալ 3000-ը բնակարաններում, որոնց մեծ մասը կառուցվել է հետպատերազմյան ժամանակաշրջանում:

2009 թվականին Շուշիի շրջկազմի աշխատակազմի եւ քաղաքաշինության ու ճարտարապետության նախկին պետ Գրիգորի Ավանեսյանը տեղեկացրել է, որ 70 միլիոն դրամ է տրամադրվել քաղաքաշինության համար, վերանորոգվել է Թադեւոսի եւ Եղցահողի ջրատարը, ավարտվել էին Գաբրիելյան եւ Ազատամարտիկների փողոցների բարեկարգման աշխատանքները, բարեկարգվել է Քիրսավան տանող 12 կիլոմետրանոց ճանապարհահատվածը:

Այդ ժամանակաշրջանում նաեւ ավարտին է հասցվել Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքի շինարարությունը, չնայած այս ամենին Նիկոլ Փաշինյանը նախկինում էլ Շուշին որակել է դժգույն եւ դժբախտ:

Շուշին ի վերուստ երբեք էլ չի եղել դժգույն եւ դժբախտ, չնայած պատերազմի հետքերին, քաղաքը միշտ էլ եղել է գույնզգույն «Նախշուն բաջին, որը իր գրկում է պահել կանաչ թագուհի
Հունոտի կիրճը, Ճերմակազգեստ գեղեցկուհի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցը, Անառիկ բերդը, մամռոտ քարանձավներն ու անկրկնելի բնությունը:

Մանրամասնում է՝ Թերեզա Հովհաննիսյանը։