կարևոր
604 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-04 20:00

Քողարկված իրականություն՝ հուսադրող հայտարարությունների քողի տակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Պատերազմի ութերորդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, ռազմաճակատի ամբողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում էին:

Համառ մարտեր ընթանում էին հատկապես հյուսիսային, հյուսիս-արեւելյան եւ հարավային ուղղություններում: Չնայած թշնամու հարձակումներին եւ ադրբեջանական կողմի պնդումներին, թե Մատաղիսը գտնվում է իր վերահսկողության ներքո, Հայաստանի պաշտոնական աղբյուրները շարունակ հերքում էին՝ նշելով, որ Ալիեւի տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Շուշան Ստեփանյանն անգամ տեսանյութ էր հրապարակել «Թշնամու փախուստը Մատաղիսի մոտից» գրառմամբ:

Մատաղիսի գրավման մասին հրապարակումից շատ չանցած Արդբեջանը նոր տեղեկատվություն էր տարածել՝  Ջրականն են գրավել: Սա նույնպես Հայաստանի պաշտոնական աղբյուրներն անվանեցին ապատեղեկատվություն: Իսկ Արծրուն Հովհաննիսյանը հեգնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին նշելով, որ նա չի տիրապետում իրավիճակին: Հետո միայն պետք է պարզվեր, որ Արծրուն Հովհաննիսյանը ստում է. Մատաղիսը հոկտեմբերի 2-ին արդեն ընկել էր։ Ջրականը` նույնպես։

Արցախի նախագահ Արայիկ Հովհաննիսյանն այդ օրը առաջնագծի տարբեր հատվածներում էր: Նա վստահեցնում էր, որ ամենուրեք առկա է ոգեւորություն, սխրանք, հերոսություն: Մինչ վերադառնալը՝ Արցախի նախագահը լուսանկար էր հրապարակել ու գրել․ սուրճ՝ առաջնագծում: Իշխանական քարոզչամեքենան դա դարձրեց ամենաշրջանառվող կատակը սոցցանցերում, հրապարակելով՝ լուսանկարներ, պատումներ։ Հետագայում, ողջ պատերազմի ընթացքում Արայիկ Հարությունյանի սուրճի բաժակն ուղեկցում էր իշխանական քարոզչությանը, իսկ թշնամին շարունակում էր անարգել առաջանալ դեպի Շուշի։ Իսկ դրանից առաջ էլ գրել էր, որ ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակը բարելավել է դիրքերը եւ հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար: Հարությունյանի ստից 2 օր հետո սկսվելու էր Լելեթեփեյի գրոհը, առաջնագծի փլուզումն, ու բազում զոհեր:

Հոկտեմբերի 4-ի քարոզչական ստերի շարքը մեկ տարի առաջ ճիշտ այս օրը զարդարեց նաեւ Արայիկ Հարությունի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Իշխանական քարոզիչները շտապեցին հրապարակել Գանձակի օդանավակայանի իբր ավերակ դարձած շենքն ու տարածքը։ Ավելի ուշ պետք է պարզվեր, որ հանրությանը հերթական անգամ ստով են կերակրում․ տարածվող լուսանկարը Ուկրաինական Լուգանսկի վնասված օդանավակայանն է։ Բայց իշխանական քարոզչամեքենան իր սեւ գործն արդեն արել էր, սուտը տարածվել էր։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե Հայաստանի գործողությունների պատճառով մարտական գործողությունների գոտին ընդլայնելու են, ասել էր, որ «Ադրբեջանի համար սարսափելի հետեւանքներ են լինելու»:

Մինչ առաջնագծում ամեն ինչ կարգին էր, երկրի ներսում շարունակվում էր ներքին քարոզչությունը. ԱԱԾ-ն նոր լրտեսներ էր հայտնաբերել։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին ձերբակալվել էին օտարերկրյա քաղաքացիներ՝ լրտեսության եւ դրան օժանդակելու կասկածանքով: Սակայն նրանց ինքնության մասին այդպես էլ տեղեկություններ չհրապարակվեցին:

Երկրը հոկտեմբերի 4-ին կեսօրից հետո ցնցվեց։ Շուշիում հրետանակոծվել էր Մշակույթի պալատը, զոհվել են բազում ոստիկաններ։ Բայց պաշտոնապես այդ մասին ոչինչ չասվեց։ 

Մանրամասները՝ տեսանյութում։