կարևոր
586 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-04 14:39

Գեղհովիտում տեղի ունեցավ Սուրբ Նշան եկեղեցու օծման արարողությունը

Գեղհովիտում տեղի ունեցավ Սուրբ Նշան եկեղեցու օծման արարողությունը

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի վարչական տարածքում տեղի ունեցավ Սուրբ Նշան եկեղեցու բացման արարողությունը, որը նախաձեռնել եւ կյանքի էր կոչել Բաղդասարյան ընտանիքը:

Արարողությանը մասնակցել են  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներ, հյուրեր, գեղհովիտցիներ:

Նորակառույց եկեղեցին, գմբեթին կանգնեցված խաչը, ինչպես նաեւ Բաղդասարյանների ընտանիքի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ եկեղեցու բակում կանգնեցված 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն օրհնեցին եւ օծեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեսուչ տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Հոգեւոր սպասավորները շնորհավորել են ներկաներին՝ եկեղեցու բացման առթիվ եւ երախտագիտություն հայտնել արտերկրում գործունեություն ծավալող Բաղդասարյանների ընտանիքին` եկեղեցանվեր ծառայություն մատուցելու համար:

«Եթե մի ժողովուրդ կարողանում է իր ծոցից ծնել որդիներ, ովքեր ստեղծում, արարում եւ ստեղծագործում են, դա նշանակում է, որ պատահական չէ, որ հենց մենք առաջինը ընդունեցինք քրիստոնեությունը: Մեր արյան մեջ է Աստծո պատկերը, եւ մենք դեռ պետք է շարունակենք արարել հանուն ապագայի: Թող օրհնյալ լինի այս տունն էլ, այս տունը կառուցողի տունն էլ: Թող Աստված ձեզ զորավիգ լինի»,- նշել է Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Այնուհետ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը եկեղեցու հովանավորներին փոխանցեց Հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները, ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից շնորհած սուրբ օրհնության գիրը, որն էլ, հանձնվեց եկեղեցու կառուցման հովանավոր Զավեն Բաղդասարյանին:
Վերջինս հանդիսության մասնակիցներին ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը:

«Տեր եւ տիկին Բաղդասարյանների հովանավորությամբ Գեղհովիտ համայնքում կառուցված եկեղեցու պատմությունը սկսվում է այն ժամանակ, երբ տիկին Բաղդասարյանը 33 տարեկան հասակում կլինիկական մահ է ապրում: Կռիվ տալով մահվան դեմ՝ նա Աստծո կամոք կարողանում է հաղթահարել այդ փորձությունը, որից հետո հաղորդություն ստանալով՝ որոշում է կառուցել մի աղոթատեղի՝ աշխարհի եռուզեռից հեռու մի վայրում՝ որպես երախտագիտության առհավատչյա առ ամենախնամ Աստված: Եվ ահա պետք էր ընտրել այն վայրը, որտեղ պիտի վեր խոյանար աստվածահաճո եկեղեցու խաչակիր գմբեթը: Երկար մտորումներից հետո նրա ընտրությունը կանգ է առնում իր ծննդավայր Յանըղ կոչվող բնակավայրի վրա։ Ստանալով ընտանիքի համաձայնությունն ու աջակցությունը՝ 2018 թվականին հիմք է դնում իր նպատակի իրականացմանը»,- նշել է Սուբ Նշան նորակառույց եկեղեցու բարերար  հովանավոր Զավեն Բաղդասարյանը:

Եկեղեցում մոմավառություն կատարելուց հետո ներկաները մասնակցեցին նաեւ մատաղի արարողության: