կարևոր
607 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-04 12:56

1,5 տարին բավական իրատեսական է. Քոչարյանը՝ գործող իշխանության հեռանալու մասին

1,5 տարին բավական իրատեսական է. Քոչարյանը՝ գործող իշխանության հեռանալու մասին

Այո, ես նույն կարծիքին եմ, ես ժողովրդի ձայնի մասին խոսելիս ասել եմ, որ ցավոք, ժողովրդի մի զանգված հարմարվել է Արցախը հանձնելու հանգամանքի հետ: Այս մասին, այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով, որ ընտրություններից հետո ինքը հայտարարել էր, որ խրամատավորվում են առաջին գծում, շարունակելու են իշխանափոխության պայքարը, եւ որ այս իշխանությունը 1,5 տարվա կյանք ունի:

«Իհարկե պայքարելու ենք եւ պայքարում ենք: Այդ 1,5 տարին բավական իրատեսական է: Պայքարելու ենք, այո նաեւ ծավալելու ենք փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք է հասցնել, աշխատել նաեւ ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ, պետք է փորձենք համոզել: Դու չես կարող ակտիվ պայքար ծավալել առանց ժողովրդի ակտիվ ներգրավմամբ: Դա պետք է ապահովել նաեւ քարոզչական աշխատանքով նույն ժողովրդի հետ: Երբ ասում են՝ փողոցային պայքար, դա չի նշանակում, որ ասուլիսից հետո Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալու փողոց, դրոշը վերցնի եւ ասի՝ մեկ ժամից հետո հավաքվում ենք փողոցային պայքարի համար:

Սա պրոցես է, որը պետք է գեներացնենք, եթե չկարողանանք, նշանակում է կամ ճիշտ  բառապաշարը չենք գտել ժողովրդի հետ շփվելու, կամ ժողովրդի մեծ մասը այս ամենը մարսել է: Այո, կարող է նաեւ այդպես լինի: Մեր նպատակը իշխանափոխություն է, այս մարդկանց տուն կամ ուրիշ տեղ ուղարկելը, որի համար պայքարելու ենք բոլոր հնարավորություններով»,-ասաց Քոչարյանը:

Նա նկատեց, որ բնական է, որ ընտրություններից հետո որոշակի անկում է լինում թեժ իրավիճակից, որոշ պաուզայից հետո նոր պրոցես է սկսվում բողոքի գեներացման:

«Մենք այդ փուլի մեջ ենք: Փորձելու ենք եւ անելու ենք»,-ընդգծեց Քոչարյանը: