կարևոր
211 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-04 12:15

Հավանական է, որ պատերազմը սկսվել է տգիտության պատճառով, բայց ավարտվել՝ ըստ պայմանավորվածության․ Ռոբերտ Քոչարյան

Հավանական է, որ պատերազմը սկսվել է տգիտության պատճառով, բայց ավարտվել՝ ըստ պայմանավորվածության․ Ռոբերտ Քոչարյան

Հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 7-ին և 19-ին։

«Այս հարցը միակն է, որի պատասխանը հնչեց, այն հետևյալն է՝ չենք կանգնեցրել, որ մեզ դավաճան չհամարեն։ Ուրեմն սրանից բխում է հետևյալը՝ բոլոր զոհված զինվորների ծնողները կարող են համարել, որ հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհերի մեղքը և պատասխանատվությունը այն մարդու վրա է, որը կարող էր պատերազմը կանգնեցնել և չի արել, խուսափել է այդ ծանր, բայց պատասխանատու որոշում կայացնելուց․ սա ևս փաստ է։

Փաստ է, որ մինչև 2018 թվականը Ադրբեջանը փորձել է Արցախի դիմաց գումարներով ինչ-որ հարցեր լուծել, փաստեր կան, որ այդ փորձն արվել է նաև 2018 թվականից հետո։ Իշխանությունները խուսափում են խոսել այդ հարցի շուրջ, և սա ավելի մեծ կասկածներ է առջացնում։ Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է մտածել, ունի հիմնավոր կասկած համարելու, որ այդպիսի փաստ գոյություն ունի այնքան ժամանակ, մինչև դա չհերքվի։

Այստեղից բխում է հետևյալ հարցադրումը՝ մեր պարտությունը տգիտությա՞ն արդյուքն է, թե՞ դավաճանության։ Չափազանց շատ են այն փաստերը, որոնք խոսում են հնարավոր, պլանավորված պարտության մասին, և բոլորս իրավուքն ունենք մտածելու, որ դա հենց այդպես է այնքան ժամանակ, մինչև դա չհերքվի՝ շատ լուրջ և խորքը քննության ճանապարհով։

Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ շատ հավանական է, որ պատարազմը սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության։ Այս ամենն առերևույթ հանցագործություններ են, և մենք ակնկալում ենք, որ պատշաճ մարմինները պետք է դրանով զբաղվեն և գալու է ժամանակ, որ բոլորը պատասխան են տալու այս ամենի համար, նաև նրանք, ովքեր իրենց պաշտոնական դիրքից ելնելով պետք  զբաղվեին այս հարցերով ու չեն զբաղվել։

Ի՞նչ պետք է անել այս կասկածները փարատելու համար. առաջին հերթին պետք է քննել ընդդիմության ակտիվ ներգրավմամբ, յուրաքանչյուր այլ տարբերակ վստահությունը հանրության մոտ չի վերականգնի։ Եվ ճգնաժամը երկրում չի կարող հաղթահարվել առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանների։

Երկրում կա բավականին մեծ զանգված, մարդկային ներուժ, որոնք երբեք չեն հարմարվելու այս իրավիճակի հետ այնքան ժամանակ, մինչև այդ պարզաբանումները չստանան, սա ևս փաստ է»։