կարևոր
1789 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-10-03 11:49

Այսօր Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է

Այսօր Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խորհրդային և ռուսական կինոյի հայազգի դերասան, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է։

Դպրոցական տարիներին հրապուրվել է թատրոնով ու կինոյով:

1954 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ:

Առաջին անգամ դերասանը բեմ է բարձրացել 1955 թվականի հունվարին՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ. Գուսևի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ։

1969 թվականին Ջիգարխանյանը սկսում է խաղալ Անդրեյ Գոնչարովի մոտ Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան թատրոնում։

Կինոյում դերասանը իր նորամուտը նշել է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերել է նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։

Ջիգարխանյանը կերտել է այնպիսի դերեր, ինչպիսիք են դարբին վարպետ Մուկուչը «Եռանկյունի»-ում, Լևոն Պողոսյանը «Երբ գալիս է սեպտեմբերը» դրամայում, շտաբս կապիտան Օվեչկինը Էդմոնդ Քեոսայանի հանրահայտ «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում, չեկիստ Արտուզովը «Տրեստ օպերացիան» հեռուստատեսային ֆիլմում, էսսեր Պռոշյանը «Հուլիսի վեցը» պատմական ֆիլմում, Միխայիլ Ստիշնոյը «Փոքրիկ կռունկ» ֆիլմում։ Բացասական կերպարի դերակատարումներից հանդիսատեսի մոտ առավել հիշարժան է «Սև կատու» ավազակախմբի կուզիկ պարագլուխ Կարպի դերակատարումը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում։

Ընդհանուր առմամբ, Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։

1991 թվականից մինչև 1996 թվականը, որպես պրոֆեսոր, դերասանական վարպետության դասեր է տվել ՎԳԻԿ-ում (ռուս.՝ ВГИК - Всероссийский государственный институт кинематографии)։ 1996 թվականին իր կուրսի հիմքով ստեղծում է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։

Խորհրդային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար Արմեն Ջիգարխանյանը արժանացել է «ԽՍՀՄ Ժողովրդական դերասան»-ի պատվավոր կոչմանը և պարգևատրվել է կառավարական շքանշաններով։

Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում)։

Արմեն Ջիգարխանյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին, 85 տարեկան հասակում: