կարևոր
409 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-02 19:20

Տրամադրվում են նորագույն տեխնոլոգիայի թվային լսողական սարքեր, որոնք ի վիճակի են փոխհատուցել անգամ լսողության խորը կորուստները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքից ժամանած Կավուկչյան ընտանիքի եւ «Արաբկիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ պատերազմի մասնակիցներին, որոնց մոտ ի հայտ են եկել լսողության տարբեր աստիճանի խնդիրներ, տրամադրվում են բարձրակարգ լսողական սարքեր: Ծրագրին աջակցում են նաեւ մի խումբ ամերիկահայ բարերարներ, ովքեր  համախմբվել են «Հայաստան. Լսողական աջակցություն» նախաձեռնության ներքո:

Սարքերը նախատեսված են 250 շահառույի համար, սակայն դեռ հետազոտվել է 170-ը: Այս փուլում սարքեր  կտրամադրվեն նրանցից 130-ին: Ամերիկահայ բարերարները վստահեցրել են, որ շարունակելու են պատերազմի մասնակիցներին աջակցություն տրամադրել:

Սարքերը չունեն լիցքավորելու անհրաժեշտություն, քանի որ աշխատում են վերալիցքավորվող մարտկոցներով, նաեւ նախքան սարքի տեղադրումը շահառուներին ծանոթացնում են օգտագործման ձեւին: Սարքերը տեղադրելուց 10 օր անց մասնագետները կապ կհաստատեն բոլորի հետ՝ տեղեկանալու համար, դրանք լիարժեք ծառայո՞ւմ են իրենց, թե՝ ոչ:

Սարքերի տեղադրումից հետո պատերազմի մասնակիցները ստանալու են նաեւ հետխնամքի անվճար ծառայություններ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի լուծել առաջացած անսարքությունները: Աշխատող թիմը համոզված է, որ այս սարքերը կբարելավեն զինվորների եւ կամավորների կյանքի որակը, կօգնեն հոգեբանորեն ավելի ինքնավստահ լինել եւ ինտեգրվել կրթական եւ աշխատանքային միջավայրեր:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։