Իրանի զինված ուժերը որոշել են երկրորդ լայնածավալ զորավարժություններն անցկացնել Ադրբեջանի հետ սահմանին, ինչը տարատեսակ քննարկումների տեղիք է տվել:
Միջազգային լրատվամիջոցների գլխագրերում կարելի է անգամ հանդիպել տարածաշրջանում հնարավոր նոր բախումների մասին ահազանգեր:
Դեռ զորավաժություններից առաջ էլ իրանական կողմն ակնարկել էր, թե քաջ տեղյակ է Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ համագործակցությունից ու չի հանդուրժի «սիոնիստական ռեժիմի ցուցադրական ներկայությունը իր սահմանների մոտ»:
Բացի այդ, Թեհրան-Բաքու հարաբերություններում առկա լարվածությունը ջրի երես դուրս եկավ նաեւ այն ժամանակ, երբ շաբաթներ առաջ ադրբեջանական կողմը սկսեց տուրքեր գանձել Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարներից, հետո էլ ձերբակալեց երկու վարորդների՝ ապօրինի կարգով Արցախ այցելելու համար:
Երկրորդն շաբաթն է՝ ազատազրկված իրանցիների ճակատագրի մասին որեւէ բան չի հաղորդվում:
Իրանական կողմից էլ արդեն բավականին հստակ ազդակներ են գալիս, որ Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է նաեւ Թեհրանի համար:
Վերջին զարգացումներին հետեւել և Իրան-Ադրբեջան լարվածության հիմքում ընկած պատճառներին անդրադարձել է՝ Անահիտ Իվանյանը: