կարևոր
691 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-02 14:22

Միջազգային հանրությունը պետք է մերժի ժողովուրդների ազատ ապրելու ձգտումներն ուժով ճնշելու ցանկացած փորձ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան

Միջազգային հանրությունը պետք է մերժի ժողովուրդների ազատ ապրելու ձգտումներն ուժով ճնշելու ցանկացած փորձ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան

Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերի կոմիտեի (Երրորդ կոմիտե) ընդհանուր քննարկմանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության և առաջխաղացման ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին՝ նշելով, որ անկախության վերականգնումից 30 տարի անց Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների գերակայությունը, ժողովրդավարությունը, կանանց առաջխաղացումը և կենսունակ քաղաքացիական հասարակությունն անբեկանելի իրողություններ են։  Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ էթնիկ և կրոնական հիմքերով ատելության խոսքի խորացումը, այլատյացությունը և բռնության սերմանումը պարարտ հող են ստեղծում ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների և այլ ոճրագործությունների համար՝ այս համատեքստում ընդգծելով, որ վերը նշված երևույթների դեմ պայքարում արդյունավետ միջազգային համագործակցությունը բազմակողմ հարթակներում Հայաստանի գերակայությունների թվում է։

Դեսպան Մարգարյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության, ինքնորոշման իրավունքի իրականացման կարևորությանը՝ նշելով, որ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերի համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է մարդու իրավունքների միջազգային իրավակարգի հիմնարար արժեք։

Նշվել է, որ միջազգային հանրությունը պետք է հաստատակամորեն մերժի ժողովուրդների ազատ ապրելու ձգտումներն ուժի կիրառման միջոցով  ճնշելու ցանկացած փորձ՝ որպես մարդու իրավունքների, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կոպիտ ոտնահարում։