կարևոր
2239 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-10-02 10:25

ArCa համակարգը խափանվել է. քարտով վճարումներ հնարավոր չէ իրականացնել

ArCa համակարգը խափանվել է. քարտով վճարումներ հնարավոր չէ իրականացնել

Արդեն երկրորդ օրն է՝ քարտապանները զրկվել են իրենց դրամական միջոցները տնօրինելու իրավունքից։ Երեկվանից բազմաթիվ քարտապաններ, ինչպես Հայաստանում, այնպես ՀՀ-ից դուրս, չեն կարողանում վճարային տերմինալների եւ բանկոմատների միջոցով գործարքներ իրականացնել: Քաղաքացիներն ահազանգում են, որ քարտերը հասանելի չեն, մերժվում են քարտով իրականացվող բոլոր վճարումները: Բանկերը ներողություն են հայցում հաճախորդներից, խոստանալով՝ խնդիրը շտկվելուն պես տեղեկացնել։ Այս պահին չի ստացվում կատարել առցանց վճարումներ, բանկոմատներից գումար կանխիկացնել, վճարել սպասարկման կետերում։ «ԱրՔա» ընկերությունը խափանումը պայմանավորել է «ամսվա սկզբի համար բնորոշ համակարգում առաջացած ծանրաբեռնվածությամբ», և որ ստիպված են եղել վճարման ծառայությունն անջատել՝ խնդիրներից խուսափելու համար։

Բանկերից նշում են, որ ArCa համակարգում պրոցեսինգային խնդիր կա, որի հետեւանքով ընդհանուր խափանում կա բանկային ողջ համակարգում:  

Չնայած ArCa համակարգը սպասարկող «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն երեկ երեկոյան ՖԲ էջում տեղեկացրել է, թե ժամը 20:15-ի դրությամբ համակարգը վերադարձել է բնականոն աշխատանքին, այնուհանդերձ, մինչ այս պահը բազմաթիվ քարտապաններ նշում են, որ չեն կարողանում քարտով վճարումներ իրականացնել: 

Կենտրոնական բանկը խնդրի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել: