կարևոր
2089 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-02 11:12

«Միջանցքներ» կամ ճանապարհներ հնարավոր է բացվեն, որոնցից կօգտվեն Ադրբեջանն ու Թուրքիան, բայց՝ Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ․ Անվտանգության խորհրդի քարտուղար

«Միջանցքներ» կամ ճանապարհներ հնարավոր է բացվեն, որոնցից կօգտվեն Ադրբեջանն ու Թուրքիան, բայց՝ Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ․ Անվտանգության խորհրդի քարտուղար

«Էրդողանի հայտարարության մասերից մեկում նշված է, որ միջանցքը քաղաքական հարց է և քննարկելի հարց է։ Միջանցքի տրամաբանությունը պետք է հասկանալ։ Նախ, մենք հայտարարել ենք, որ սուվերեն միջանցք չի կարող լինել, Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող։ Միջանցքներ կամ ճանապարհներ, Հայաստանում գոյություն ունեցող ճանապարհներ, հնարավոր է,  բացվեն,  որոնցից կկարողանան օգտվել ադրբեջանցիները կամ Թուրքիան, որպեսզի Ադրբեջանի հետ կապվի։ Այդպիսի տարբերակ հնարավոր է, բայց այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում,  անդրադառնալով Հայաստանի տարածքով միջանցք ստանալու,  այն իրենց կողմից վերահսկելու թուրք-ադրբեջանական նախապայմաններին, ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝  հարցի լուծման համար անհրաժեշտ է երկխոսություն և, քանի որ «բարձր մակարդակով կան  դրական ազդակներ», Հայաստանը խնդիրները քննարկելու և փոխհասկացվածության հասնելու հնարավորություն տեսնում է։  

«Թուրքիայի նախագահն օգտագործել է «միջանցքներ» տերմինը։ Ոչ թե եզակի, այլ հոգնակի՝ «միջանցքներ»։ Իսկ երբ ասվում է՝ «միջանցքներ», մենք հասկանում ենք մի քանի ճանապարհներ։ Դա մեր տրամաբանությանը շատ մոտիկ է։ Եվ եթե հնարավորություն լինի քննարկելու, երկխոսության հնարավորություն լինի, ապա, կարծում եմ, մենք լուծումներ կգտնենք։ Այսինքն` «միջանցքներ» մենք հասկանում ենք այսպես` Հայաստանում մի քանի ճանապարհներն օգտագործել»,- հավելել է Գրիգորյանը։

Նա, միևնույն ժամանակ, նշել է, որ փոխվարչապետերի մակարդակով միջանցքի հարց չի քննարկվում․ քննարկվում է բոլոր ճանապարհային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը։

«Մենք ավելի հակված ենք, որ այս պահին գոյություն ունեցող ենթակառուցվածքները, այսինքն՝ Երևան-Թիֆլիս-Բաքու-Ռուսաստան երկաթգիծը կարողանանք օգտագործել, ինչպես նաև Երևան-Նախիջևան-Ջուլֆան, որտեղ ենթակառուցվածքներում ներդնելու անհրաժեշտություն գրեթե չկա․ այնտեղ մոտ 1 կիլոմետրանոց՝ Հայաստան-Նախիջևան սահմանին մի փոքր մաս է պետք կառուցել, որը շատ կարճ կտևի։ Ինչպես նաև Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներից օգտվել։ Այսինքն` Ադրբեջանի արևմտյան շրջանները, դա կլինի Տավուշով, թե Սյունիքով, ենթակառուցվածքներն օգտագործեն՝ Նախիջևանի հետ կապվելու համար։ Մենք հակված ենք այս տարբերակին և քննարկում ենք, որպեսզի փորձենք առաջ գնալ»,- ասել է Գրիգորյանը։

Անդրադառնալով Ալիևի՝ Փաշինյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությանը ԱԽ քարտուղարն ասել է.  

«Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»,- ասել է ԱԽ քարտուղարը։