կարևոր
493 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-01 19:20

Համատարած խուճապ ու պաշտոնական աղբյուրների լռություն․ պատերազմի 5-րդ օրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Պատերազմի հինգերորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 22:40-ից հետո արձակված հրթիռների մեծ աղմուկը իրարանցում էր առաջացրել որեւէ պետության հետ սահման չունեցող Կոտայքի մարզում, մասնավորապես, Աբովյան քաղաքում եւ մերձակա բնակավայրերում, ինչպես նաեւ Երեւանի հյուսիս-արեւելյան թաղամասերում:

Դրանից շուրջ մեկ ժամ առաջ արդեն ողջ երկրում լուր տարածվեց թշնամական անօդաչուների հայտնվելու մասին։ Արդեն ռազմաճակատում մեծ վնաս հասցրած անօդաչուների մայրաքաղաքի մատույցներում հայտնվելն, արդեն, չպայթած ռումբի ազդեցություն էր թողել։ Համատարած խուճապ ու պաշտոնական աղբյուրների չդադարող լռություն էր այդ ձգվող րոպեների ընթացքում։

Իսկ ինչու էին ԱԹՍ-ները հասել մինչեւ Երեւան, իշխանության կողմից որեւէ արձագանք չեղավ:

Արծրուն Հովհաննիսյանը միայն 23։06-ին գրեց, որ ամեն բան նորմալ է։ Ավելի ուշ բջջային հեախոսն արդեն ձեռքն էր վերցրել Նիկոլ Փաշինյանը։ Բայց հանրությանը հանգստացնելու փոխարեն՝ ավելացրեց խուճապը։

Մարդիկ հարց էին տալիս՝ բա ուր կորավ չորորդ անօդաչուն կամ հրթիռը։ Ավելի ուշ Փաշինյանը կրկին գրառում տարածեց, այս անգամ, որ փարատի անհանգստությունը՝ չորսն էլ խոցված են։

Մարդիկ շունչ քաշեցին կեսգիշերն անց, բայց հարցերը մնացին։

Ավանդաբար խոցված անօդաչուների լուսանկարները հրապարկող Պաշտպանության նախարարությունը մնաց լուռ։ Որեւէ մեկն այդպես էլ չտեսավ խոցված որեւէ անօդաչուի լուսանկար։ Ու հանրության շրջանում մնաց միայն վախը՝ թշնամին արդեն Երեւանի մատույցներում է։

Հայաստանի բնակչության դեմ հոգեբանական տեռորը սկսված էր, այն արդեն հասել էր ավելի անհոգ կյանքով ապրող երեւանցուն ու քիչ-քիչ գլուխ էր բարձրացնում միտքը՝ պետք է պատերազմը, թեկուզ հանուն Արցախի, եթե վտանգվելու է նաեւ Երեւանը։ Պատահական էր, թե՝ ոչ, այդ օրը եւս մեկ հոգեբանական գրոհ եղավ մեր հայրենակիցների դեմ։ Հենց նույն օրը Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին: Հաղորդագրությունն ինքնին ազդեցիկ էր՝ բարձրաստիճան զինվորականն, ադրբեջանական լրտեսն ու զենք զինամթերքը։

Պատերազմի սկսվելուց անցել էր չորս օր ու առաջին անգամ բանակում ենթադրյալ դավաճանության մասին առաջին պաշտոնական հայտարարությունն էր։ Հաղորդագրության հրապարկումից, ասել է թե դեպքից անցել է մեկ տարի, նախաքննությունը պետք է ավարտված լիներ ու գործը գնար դատարան։ Բայց մինչեւ հիմա դրա մասին այլ մանրամասնություն հայտնի չէ, անհայտ է, թե ի վերջո ով էր ձերբակալված բարձրաստիճան զինվորականը, ի՞նչ գաղտնիքներ էր բացահայտել։ Ոչինչ հայտնի չէր եւ չի։ Ավելին, կան տեղեկություններ, որ զինվորականին, որի մասին ասել էր ԱԱԾ-ն 2020 թվականի հոկտեմբերի 1-ին, իրականում շատ ավելի շուտ էր բացահայտվել, մինչեւ պատերազմը, բայց նրա մասին պետք է խոսեին պատերազմի օրերին։ Ու քաղաքացին էլ անպաշտպան զար իրեն, եթե բանակում են դավաճանում, ուրեմն՝ վերջ։ Պատերազմի 4-րդ օրը, առաջին անգամ Հայաստանի բնակչությանը հայտնեցին, թե բանակում դավաճաններ կան։ Սկսվում էր մեղավորների ընտրության փուլը։ Իշխանությունը սկսել էր մեղավորներ նշանակել։

Այս դեպքից արդեն մեկ շաբաթ անց արդեն Փաշինյանը պետք է հրապարակային մեղադրանքներ հնչեցներ, ու նոր դավաճաններ կարգեր։ Բայց դա արդեն 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։