ՀՀ պետական կառավարման ակադեմիայում բռնաճնշումներ են սկսվել առերևույթ այլախոհ դասախոսների հանդեպ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Կառավարման ակադեմիայի նոր ռեկտորի ԺՊ Խաչատուր Ղազեյանի պաշտոնի անցնելու հետ աշխատանքից հերթով ազատում են դասախոսների, որոնք այս կամ այն կերպ ասոցացվում են ընդդիմության հետ։
Նրանցից մեկը ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է, որն իբրև հրավիրյալ դասախոս դասավանդում էր Կառավարման ամբիոնում։ Նրան հրավիրել էր նախկին ռեկտոր Արսեն Լոքյանը՝ առաջին կիսամյակում «Կառավարման առաջնորդություն», երկրորդում՝ «Ռազմավարական կառավարում» առարկաները դասավանդելու համար։
«Ես սկսել եմ դասավանդել Պետական կառավարման ակադեմիայում անցյալ տարի, մեկ տարով քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքվել, այս տարի օգոստոսին, երբ դասացուցակն էր քննարկվում, նաև դասացուցակը քննարկեցինք, և օգոստոսի վերջին-սեպտեմբերին տեղեկացա, որ պայմանագիրն այս տարի չի նորոգվելու։ Պատճառաբանությունն այն էր, որ երկու մասի են կիսում ծախսատարության տեսանկյունից, բայց այդ դեպքում տրամաբանությունն ասում է, որ նախնական համաձայնություն չպետք է լիներ, հակառակ դեպքում ինչո՞ւ են կիսում։ Փաստն այն է, որ ռեկտորի նոր ԺՊ ընտրվեց, դա համընկավ այդ որոշման հետ։ Պատահակա՞ն համընկնում էր, թե՞ ոչ՝ չգիտեմ, բայց եթե մենակ ինձ չեն ազատել, ուրեմն որոշակի ողջամիտ կասկածներ ունեմ, որ դա զուտ համընկնում չի եղել»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Իսկ որ միայն նրան չեն ազատել, փաստ է․ նոր ռեկտորի ԺՊ-ի պաշտոնավարման հետ Պետական կառավարման ակադեմիայից ազատել են նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանին, որն, իբրև պատճառ, նշել է իր քաղաքական գործունեությունը։
«Այս իշխանությունները ունակ չեն հասկանալու, թե ինչ է նշանակում ակադեմիական էթիկա եւ պրոֆեսիոնալիզմ։ Նրանց համար իմ լսարան մտնելու փաստը քաղաքական քարոզ է, չնայած այդպիսին իմ դասերին երբեք չի հնչել»,-գրել է նա։
Մոտ մեկ ամիս առաջ նույն որոշումը կայացվել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հանդեպ։
Պետական կառավարման ակադեմիայում դասավանդման պայմանագիրը չեն վերակնքել նաև Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի նախկին տեղակալ Միքայել Սահակյանի հետ։ Նա ևս այս քայլը որակել է քաղաքական դրդապատճառների հետևանք։