կարևոր
2290 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-30 22:17

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը բանակին հասցրել են ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զենք-զինամթերքի մատակարարման գործով, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա ընկերը՝ մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը, որը հայտնի է «Պատրոն Դավիթ» մականվամբ:

Ավելի քան 2 միլիարդ դրամ հափշտակելու եւ կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար նրանք ներգրավվել են որպես մեղադրյալ: Ազգային անվտանգության ծառյությունը միջնորդել է դատարան՝ նրանց կալանավորելու համար:

Տոնոյանի ընկեր պատրոն Դավիթն արդեն հասցրել է հայտարարել, որ մեղադրանքը չի ընդունում: Ի դեպ 2021 թվականի մայիսին էր նա ազատ արձակվել վերաքննիչ դատարանի որոշմամբ: Դեռ փետրվարին նրան առաջադրված մեղադրանքով ՝ Գալստյանը 2018 թվականի ընթացքում Պաշտպանության նախարարությանն է մատակարարել հրանոթի՝  1983-ից 1986 թվականների արտադրության անորակ արկեր, որոնցով, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները։

Դավիթ Տոնոյանի եւ Դավիթ Գալստյանի գործով ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին մեղադրանք է առաջադրվել նաեւ Զինված ուժերի ավիացիայի նախկին պետ-վարչության պետ Ավետիք Մուրադյանին՝  տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող, երկարատեւ պահպանման համար ոչ պիտանի, շուկայական արժեքից էականորեն բարձր գնով հրթիռներ ձեռք բերելու համար:

Այս գործի շրջանակում ԱԱԾ-ն խուզարկել է նաեւ Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ՝՝ Ստեփան Գալստյանի բնակարանը: Ամիսներ առաջ էլ հարցաքննվել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի կողմ է այժմ փորձում սլաքներն ուղղել իշխանական պատգամավոր Անդանիկ Քոչարյանը: Ըստ նրա չարաշահումները տեղի են ունեցել 2011 թվականին, երբ պաշտպանության նախարարն էր Սեյրան  Օհանյանը:

Իսկ ինքը՝ Օհանյանը վստահեցնում է՝  2011-ին բանակը չի ընդունել ոչ պիտանի ռազմամթերքը, որը հետո՝ 2018-ին  կրկնակի թանկ գնել է գործող իշխանությունը:

Ի դեպ՝ Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն էլ այժմ պնդում է, որ Փաշինյանը չի թույլատրել ՊՎԾ-ին ստուգումներ իրականացրել Պաշտպանության նախարարությունում։

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։