Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ Տոնոյանը կալանավորվեց 2 ամսով:
«Մեր ակնկալիքն այն էր, որ կիրականացվի արդարադատություն։ Ամեն դեպքում, պայքարը պետք է շարունակենք, վերաքննիչ քրեական դատարանում համապատասխան բողոք կներկայացվի», - լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը: Դատարանի որոշումը ստանալուց հետո պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք կներկայացնի։ Պաշտպանը դատարանի որոշումը քիչ առաջ է ստացել, հետևաբար, չի կարող ասել, թե կալանավորման հիմքերից որն է հաստատված համարել դատարանը, սակայն տեղեկացրեց, որ քննիչը կալանավորման միջնորդությամբ մատնանշել էր գործի քննությանը խոչընդոտելու և գործի քննությունից թաքնվելու ռիսկերը։
Ավելի վաղ փաստաբանը հայտարարել էր, որ Տոնոյանի կալանավորման միջնորդությունը ընդհանրապես հիմնավորված չէ, նրա նկատմամբ արգելանքն ապօրինի է։
«Պարոն Տոնոյանի առնչությունն այն արարքին, որը նրան մեղսագրվում է, որևէ կերպ հիմնավորված չէ, և քննվող գործով կոնկրետ նրա դեմ ցուցմունք չկա»,-ասել է Սերգեյ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննութունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ։