18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
80 տարեկան հասակում մահացել է «Իմպուլս-մայակ» ռադիոկայանի տնօրեն, հայտնի լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Կորյուն Խումարյանը:
Նա ծնվել է 1941թ. նոյեմբերի 1-ին, Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Սաթխա գյուղում: Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը:
Լրագրողական գործունեությունը սկսել է 25 տարեկանից` «Հայաստանի արդյունաբերությունը» ամսագրում։ 1999թ.-ից «Իմպուլս-մայակ» ռադիոկայանի տնօրենն էր: Մինչ այդ՝ եղել է Ռուսաստանի հանրային հեռուստատեսության, ԽՍՀՄ հեռուստառադիոպետկոմի սեփական թղթակիցը Հայաստանում:
Աշխատակցել է նաև «Կոմերսանտ», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Գոլոս Արմենիի», «Ուրարտու», «Հայացք Երևանից» հայաստանյան ու ռուսաստանյան պարբերականներին։ Վարել է հեղինակային հաղորդումներ ԽՍՀՄ կենտրոնական և Հայաստանի հեռուստատեսություններում։
1981թ-ին արժանացել է ԽՍՀՄ հեռուստատեսային ֆիլմերի համամիութենական փառատոնի «Գրան պրիի», 1982թ.-ին՝ «Անձնվեր աշխատանքի համար» շքանշանի։
Հատկապես մեծ է նրա դերը հայաստանյան լրագրության զարգացման գործում։ Երկար տարիներ ռադիոժուռնալիստիկա է դասավանդել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
Ինչպես հաղորդում է նրա որդին, Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը՝ Կորյուն Խումարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 1-ին, 18:00-20:00, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 2-ին Շահումյան-2 գերեզմանատանը:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Խումարյանների ընտանիքին՝ Գարեգին և Դավիթ Խումարյաններին, մեր գործընկերուհի Գայանե Ավետիսյանին: