Հոկտեմբերի 1-ին, թե՞ 14-ին աշխատակիցները պետք է պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ բացասական թեստ ներկայացնեն գործատուին, արդյոք, որքան է ՊՇՌ թեստի իրական արժեքը: Այս եւ այլ հարցերով պայմանավորված այսօր ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել եւ կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը նշել է, որ հիմնական հարցը կապված է թեստավորման հետ, իսկ թեստավորման ու պատվաստման պայմանները հակասում են միմյանց, օրինակ՝ պատվաստված աձը կարող է եւս վարակվել ու հետեւաբար կարող է պատճառ դառնալ աշխատավայրում հիվանդանալու հետ:
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի փաստաբանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին եւ ընդգծել, որ քաղաքացիները պատվաստումների եւ թեստավորումների հարցով արդեն շաբաթներ շարունակ ահազանգում են, իսկ իրավաբանները նրանց տեղեկացնում են, որ աշխատանքային օրենսգրքի համաձայն սահմանված են հստակ պայմաններ, ըստ որոնց գործատուն կարող է թույլ չտալ աշխատանքի գալ, կամ ազատել աշխատանքից:
ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարարության խոսնակն ու նշել, որ Արդարադատության եւ Առողջապահության նախարարություների համապատասխան մասնագետները բազմիցս ունեցել են ներքին քննարկումներ եւ մոտեցումը մեկն է եղել՝ պահանջը կիրառել հոկտեմբերի 14-ից: Խոսնակը գրառմամբ տեղեկացրել է, նաեւ որ օրաթերթերից մեկի լրագրողին տրամադրված տեքստում սխալմունքի արդյունքում նշել են հոկտեմբերի 1 ժամկետը: Սակայն կառավարության նախորդ նիստում, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ ՊՇՌ թեստի բացասական պատասխանը պետք է ներկայացնեն հոկտմեբրի 1:
Մանրամասնում է՝ Թերեզա Հովհաննիսյանը: