կարևոր
1528 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-30 14:27

Դավիթ Տոնոյանի կալանավորման միջնորդությունը հիմնավորված չէ. փաստաբան

Դավիթ Տոնոյանի կալանավորման միջնորդությունը հիմնավորված չէ. փաստաբան

Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: Armlur.am-ի հետ զրուցում հայտնել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Նա ասել է, որ Տոնոյանն իրեն, միանշանակ, մեղավոր չի ճանաչում։ Ավելին, նրան մեղսագրվող արարքը նույնիսկ հերքվում է՝ քրեական գործով արդեն իսկ ձեռք բերված ապացույցներով։

Հավելել է, որ մանրամասնել չի կարող՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքի և պետական գաղտնիքի առկայությունը

Սերգեյ Հովհաննիսյանը հայտարարել է նաև, որ Տոնոյանի կալանավորման միջնորդությունը ընդհանրապես հիմնավորված չէ, նրա նկատմամբ արգելանքն ապօրինի է։

«Պարոն Տոնոյանի առնչությունն այն արարքին, որը նրան մեղսագրվում է, որևէ կերպ հիմնավորված չէ և քննվող գործով կոնկրետ նրա դեմ ցուցմունք չկա»,-ասել է Սերգեյ Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: