կարևոր
1384 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-30 13:40

Թուրքիայի արտգործնախարարությունը դժգոհել է հայանպաստ օրինագծից. ՏԵՍԱՆՅՈւԹ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատում է Միացյալ Նահանգների Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին 2022-ի օրենքում արված փոփոխությունը: Այն, ի դեպ, պետքարտուղարից պահանջում է հաշվետվություն թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության մասին՝ հասկանալու համար՝ արժե այն ահաբեկչական կառույց ճանաչել ու վերջնականապես արգելել դրա գործունեությունը:

Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի տեւական ջանքերից հետո օրենքում փոփոխություն կատարելու առաջարկն այս ամիս Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ էր ներկայացրել դեմոկրատ կոնգրեսական Դինա Տիտուսը:

Փոխարենը Թուրքիայի արտգործնախարարությունն առաջարկել է դաշնակից Միացյալ Նահանգներին ու բոլոր երկրներին, այսպես ասած, «երեւակայական ու զրպարտչական մեղադրանքներին զարկ տալու փոխարեն» իրական ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքար մղել:

Գերատեսչությունը չի զլացել նաեւ հստակեցնել, ում նկատի ունի. ասենք՝ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը» եւ Գյուլենական շարժմանը:

Անկարայի բողոքի ձայնը չի անտեսել ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը: Թվիթերյան իր էջում նա գրել, որ ամբողջ Եվրամիությունում «Գորշ գայլերը» պղծում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրները, ավերում քրդերի խանութները, հարձակվում, սպառնում եւ նույնիսկ սպանում նրանց, ովքեր դիմակայում են իրեն:

«Դրանք իսկական ահաբեկչական կազմակերպություն են», - եզրափակել է լրագրողը:

Մանրամասնում է՝ Անահիտ Իվանյանը: