Արդեն բավական երկար ժամանակ է ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ են դիմում տարբեր քաղաքացիներ վերահաս վտանգի պատճառով՝ անդրադառնալով նրան, որ գործատուները սկսում են պահանջել, որ հոկտեմբերի 1-ից ներկայացնեն կա՛մ ՊՇՌ թեստի պատասխանը, կա՛մ էլ պատվաստումը հավաստող փաստաթուղթը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի փաստաբան Քրիստինե Ավագյանը։
«Կառավարությանն ուզում ենք ասել, որ, վերջիվերջո, հստակեցնեն իրենց իրավական ակտերը, որպեսզի իրավական որոշակիություն լինի թե՛ տուգանքների, թե՛ գործատուի պարտականությունների, թե՛ ֆինանսական պարտականությունների, թե՛ «Աշխատանքային օրենսգրքի» և մյուս իրավական ակտերի մասով», - լրագրողների հետ զրույցում ասաց «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ»-ի փաստաբան Քրիստինե Ավագյանը։
Նա նշեց, որ իրենց գրասենյակն օրական մեկ տասնյակից ավելի ահազանգեր ու դիմումներ է ստանում քաղաքացիներից, որոնք հրամանի պատճառով հայտնվել են աշխատանքը կորցնելու վտանգի առջև և հստակեցրեց, որ «Աշխատանքային օրենսգրքի» 108-րդ հոդվածում հստակ սահմանված են իրավիճակները, որոնց դեպքում գործատուն աշխատակցին իրավունք ունի թույլ չտալ ներկայանալ աշխատանքի: Փաստաբանը զգուշացրեց, որ նրանք ներկայանան աշխատանքի, տեղեկացնեն, որ պատրաստ են իրենց աշխատանքը կատարելու, դա կարող են կատարել գրավոր ձևով։
«Մնացած մասով նրանց որևիցե վտանգ չպետք է սպառնա, քանի որ հստակ ասվում են 3 պայմանները՝ ոգելից խմիչքի առկայությունը, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում, որ կարող են իրենց թույլ չտալ անցնել աշխատանքի։ Իսկ 65N հրամանը հրաման է՝ օրենք չէ, և որևիցե այլ օրենք չի սահմանում դեպքեր, որի դեպքում կարող են թույլ չտալ աշխատողին կատարել իր աշխատանքային պարտականությունները»,-ասաց Քրիստինե Ավագյանը։
Մեկ այլ խնդիր փաստաբանը համարեց պատվաստվել չցանկացող քաղաքացիների նկատմամբ ֆինանսական հավելյալ պարտականության սահմանումը՝ դրսևորվող ՊՇՌ թեստի պատասխանը ներկայացնելու պահանջով։
«Անհամաչափությունը ևս մեկ հարցում է դրսևորվում․ եթե կառավարության նպատակը կորոնավիրուսի տարածման կանխարգելումն է, և նրանք թեստի պատասխան են պահանջում ոչ պատվաստվածներից այն դեպքում, երբ պատվաստված քաղաքացին ևս կարող է վարակակիր և վարակի տարածող լինել, այստեղ, տրամաբանության պակաս է նկատվում և կառավարության նպատակի հարցում ևս կասկածներ են առաջանում՝ արդյոք նպատակը հիվանդության տարածումը կանխարգելե՞լն է և ոչ թե՞ սպառումը խթանելը»,-ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում թեստավորման և պատվաստման հետ կապված: