կարևոր
718 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-30 11:41

Պետությունը պետք է հոգա ՊՇՌ թեստի ծախսերը, եթե պարտադրում է թեստավորվել կամ պատվաստվել. Սարգիս Կարապետյան

Պետությունը պետք է հոգա ՊՇՌ թեստի ծախսերը, եթե պարտադրում է թեստավորվել կամ պատվաստվել. Սարգիս Կարապետյան

ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամները: Նրանք փորձեցին հանդիպել ՀՀ առողջապահության նախարարին և ներկայացնել իրենց հարցերը: Հարցադրումները կապված էին պարտադիր պատվաստման, ամսական 2 անգամ վճարովի ՊՇՌ թեստավորման հետ։

«2000 դրամը շատ չնչին գումար է, եթե հաշվենք՝ իրենք մի ամիս պարգևավճար չստանան, կարող են աշխատավորների իրավունքները պաշտպանել և այն պարտադրանքը, որ սահմանել են պատվաստվելու կամ թեստավորվելու համար, թեստավորման ծախսերը նույնպես հոգա պետությունը»,-ասաց ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը։

Նա նշեց, որ ՀՅԴ-ն դեմ չէ ո՛չ պատվաստմանը, ո՛չ մարդու առողջության հետ կապված այլ հարցերին, ուղղակի թեստավորման հետ կապված մի քանի հարցադրում կա, որ կցանկանային ուղղել նախարարին․ նախ՝ ո՞նց եղավ, որ թեստը, որ 15 000 դրամ էր գնահատվել, որով այս ընթացքում բնակչության շրջանակում կատարվել է 14 մլն 700 հազար թեստավորում, դարձավ 5 000 դրամ։  

«Ըստ մասնագետների՝ դրա ինքնարժեքը կազմում է 2000 դրամ, այսինքն ստացվում է, որ թալանի մասին խոսացող կառավարությունը, որ միշտ մեղադրում է թալանի մեջ, մեկ տարվա մեջ 37 միլիոն դոլարի գերշահույթ է ունեցել։ Չգիտեն ո՞վ և ո՞ր կազմակերպությունն է այդ շահույթը ունեցել։ Թալանել են հասարակ ժողովրդին՝ թեստավորման անվան տակ։

Մինչև սեպտեմբերի 21-ը վարակակիրների քանակը օրական 400-500 էր, և այդ պայմաններում կառավարությունը որոշեց այս հրապարակում միջոցառում կազմակերպել։ Այդ միջոցառումից հետո անցել է 1 շաբաթ և վարակակիրների թիվը դարձել է 1000 և ավելի․ մենք կարո՞ղ ենք ասել, որ կառավարության ոչ ճիշտ և անպատասխանատու քայլերի պատճառով այս հրապարակում հավաք կազմակերպելու հետևանքով մեզ մոտ վարակակիրների մեծ աճ է եղել։

Ճանաչելով այս կառավարության գործելաոճը՝ կարծում ենք սա արվում է ոչ թե մարդկանց առողջության համար, այլ հետագայում գործատուներին տուգանելու համար»,-նշեց Սարգիս Կարապետյանը:

Նա հավելեց, որ նախարարի հրամանով գործատուներին պարտադրում են աշխատակիցներին պատվաստվել, կամ թեստավորվել, այն պարագայում, երբ հիմա կա ձերբակալված անձ, ում մեղադրում են աշխատողներին պարտադրելու մեջ։

«Մի կողմից կառավարությունը նպաստում է, որ վարակակիրները շատանան իր իսկ անհիմն որոշումներով, մյուս կողմից պարտադրելով պատվաստվել կամ ՊՇՌ թեստ հանձնել՝ վարակից խուսափելու համար։

Ժողովրդի անունից խոսող կառավարությանը ուզում ենք ներկայացնել ժողովրդի ձայնը, որը իրենց չի հասնում, քանի որ իրենք միայն ընտրությունների ժամանակ են շփվում ժողովրդի հետ»,-ասաց Սարգիս Կարապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում թեստավորման և պատվաստման հետ կապված: