կարևոր
661 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-29 23:20

Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը կքննվի վաղը. փաստաբան

Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը կքննվի վաղը. փաստաբան

2021 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը՝ 17:00-ին, ՀՀ վերաքննիչ դատարանը քննության է առնելու ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացված վերաքննիչ բողոքը։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Ըստ ՀՔԾ-ի՝ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ըստ ՀՔԾ-ի՝ նա նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել էր Աղվան Հովսեփյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի առավոտյան՝ 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում: