կարևոր
397 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-29 20:27

Եկամտահարկի վերադարձի հնարավորությունից կզրկվեն երևանաբնակները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Բնակարան ձեռք բերելիս կամ կառուցելիս երեւանաբնակներն աստիճանաբար կզրկվեն հիփոթեքային վարկի տոկոսները եկամտահարկի վերադարձից վճարելու հնարավորությունից: Գործադիրը Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծն արդեն խորհրդարան է բերել:

Եթե հիփոթեքային վարկը ձեւակերպվել է մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը, ձեռքբերված բնակարանն էլ առաջին գոտում է, ապա եկամտահարկի վերադարձի հնարավորությունից դեռ կարելի է օգտվել: Դրանից կզրկվեն արդեն հուլիսի 1-ից հետո՝ առաջին գոտում անշարժ գույք գնածները:

Իսկ 2025 թվականի հունվարից հետո ձեւակերպված վարկով ամբողջ Երեւանում այլեւս չի գործի եկամատահարկի վերադարձի համակարգը: Ինչո՞ւ է այս փոփոխությունը վերաբերում միայն մայրաքաղաքին, գործադիրից հիմնավորում են, որ բնակարանաշինությունը մարզերում զարգանա:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները նախագծին կողմ կլինեին, եթե փոփոխությունները անցնցում արվեին: Հիշեցրին՝ ծրագրից հիմնականում երիտասարդ ընտանիքներն են օգտվում․ այն դադարեցնելով ծնելիության ցուցանիշը կարող է իջնել:

Բացի դա՝ գործադիրի ներկայացուցչից երաշխիքներ պահանջեցին, որ կառուցապատողները շինարարությունը մարզեր կտեղափոխեն ու, հատկապես, պատերազմից հետո անվտանգային լուրջ խնդիրներ ունեցող մարզեր:

Իշխանական պատգամավորները փոփոխությանը կողմ են: Հովիկ Աղազարյանը գործող օրենքը հակատնտեսագիտական է համարում: Գեւորգ Պապոյանն էլ վստահեցնում է՝ կառուցապատողները առաջին, երկրորդ ու երրորդ գոտիներում այս ծրագրի դադարեցումը խնդիր չեն համարում:

Եկամտահարկի վերադարձի դադարեցման մասին նախագծին դեմ քվերակեցին մասնագիտական հանձնաժողովի միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Օրինագիծը դրական եզրակացությամբ ներառվեց առաջիկա լիագումար նիստերի օրակարգում:

Նիստին հետևել է՝ Անահիտ Հովհաննիսյանը։